ՍԴՀԿ
0
Վերբեռնում․․․

Հավատարիմ գաղափարին այսօր և ընդմիշտ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Ծրագիր

 

Բովանդակություն

 

1.Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հինադրումը. Պատմական ակնարկ

2.Գաղափարական հիմնադրույթներ

  1. Ազգային հիմնադրույթներ, ազգային քաղաքականություն
  2. Ներքին քաղաքականություն 

4.1. Սոցիալ-տնտեսական քաղաքականություն

4.2. Արհմիություններ. Անկախ արհմիությունների ստեղծում  

4.3. Ագրարային քաղաքականություն

4.4. Մշակույթ, գիտություն, կրթություն 

4.5. Առողջապահություն և սպորտ

  1. Պետության պաշտպանություն 
  2. Արտաքին քաղաքականություն 
  3. Վերջաբան



 

  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հինադրումը. 

 

Պատմական ակնարկ

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որը հիմնադրվեց 1887թ. Ավետիս Նազարբեկյանի, Մարո Վարդանյան-Նազարբեկյանի, Գաբրիել Կաֆյանի, Ռուբեն Խանազատյանի և այլ առաջադեմ  ուսանողների կողմից հայ իրականության մեջ առաջին ազգային-քաղաքական և սոցիալիստական կուսակցությունն է: Այն առաջինն էր, որ իր ծրագրով առաջ քաշեց ամբողջական, միասնական եւ անկախ Հայաստանի գաղափարը։  Կուսակցությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կազմակերպչական կառույցները ստեղծել ողջ Հայաստանում, աշխարհի բազմաթիվ հայահոծ քաղաքներում: ՍԴՀԿ-ն անցել է ակտիվ գործողությունների և դարձել ժամանակաշրջանի հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկն ու դրոշակակիրը: ՍԴՀԿ-ի անմիջական  նախաձեռնությամբ և ղեկավարությամբ են եղել Զեյթունի և Սասնո ապստամբությունները, Գում Գափուի և Բաբ Ալիի ցույցերը: Երիտթուրքերի` իշխանության գալուց հետո, ՍԴՀԿ-ն անցել է օրինական գործունեության որպես ընդդիմադիր, սակայն վերջիններիս հայատյաց քաղաքականությունը ստիպեց կրկին զենք վերցնել և զինյալ պայքարի միջոցով հայ ազգի կյանքն ու իրավունքները պաշտպանել միայնակ, հաջողեց փրկել բազմաթիվ հայկական շրջանների բնակիչների ինքնապաշտպանական մարտեր կազմակերպելով: 1915թ.-ին սպանվում  է կուսակցության ղեկավար մարմնի մի մասը, սուլթան Բայազետ հրապարակում կախաղան են հանվում հայ անմար հերոսները` որոնց թվում Փարամազը, Վանիկը, դոկտոր Բեննեն ՝ Էնվերին, Ջեմալին և Թալեաթին ոչնչացնելու ծրագրի մատնությամբ …

 Մեծ Եղեռնից հետո, Մայր կուսակցությունը շարունակում է իր նշանակալի մասնակցությունը բերել հայ ազատագրական պայքարին՝ Արևմտյան Հայաստանից մինչև  Սարդարապատ՝ հայկական 6-րդ կամավորական գնդով, ինչպես նաև կամավորներով՝ ռուսական բանակի ու ֆրանսիական բանակի՝ «Հայկական լեգեոն»-ի կազմերում…

  ...1990-ական թթ.-ներին ՍԴՀԿ մարտիկները «Փարամազ», «Մեծն Մուրադ»  կուսակցության հովանու տակ գործող և այլ ջոկատների կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել Արցախյան ազատամարտում: 

 Այսօր ՍԴՀԿ-ն ներկայացված է աշխարհի բոլոր հայաշատ երկրներում: ՍԴՀԿ-ի հովանավորության տակ գործում են բազմաթիվ դպրոցներ և վարժարաններ, մշակութային և բարեգործական կազմակերպություններ, լոբբիստական կառույցներ, երիտասարդական և մարզական, սկաուտական միություններ:

 

  1. Գաղափարական հիմնադրույթներ.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն ազդարարում է, որ այն ազգային սոցիալ-դեմոկրատ կուսակցություն է,  իր գաղափարախոսության հիմքը ազգային ընկերվարությունն է, որի պատմական հիմքերից են մի կողմից Միքայել Նալբանդյանի եւ Րաֆֆու ավանդած ուսմունքները, իսկ մեկ այլ կողմից սոցիալիզմը։

Վերլուծելով հասարակական զարգացման  նախորդ ողջ ժամանակաշրջանը, ՍԴՀԿ-ն գտնում է , որ հավատարիմ մնալով սոցիալիզմի գաղափարներին , անհրաժեշտ է ստեղծագործաբար և արդիականացված ըմբռնել ու կիրառել մարքսիզմի հիմնադրույթները, իրերին, երևությներին դիտել ժամանակի պահանջներով: Այս առումով, հնչակյանները մերժում են մարքսիստական գաղափարների բացարձակացումները, դոգմատիզմը, մերժում են արմատական ծայրահեղ գործելակերպը: ՍԴՀԿ-ի գաղափարախոսության անկյունաքարը իրավական պետության մեջ դեմոկրատական օրինականության սահմաններում անցկացվելիք բարեփոխումների`ռեֆորմների օգնությամբ ազգային, ժողովրդավարական, ընկերվարական հասարակարգին անցնելու դրույթն է , որը պետք է դրվի կուսակցության ռազմավարության հիմքում : 

 

Իր գաղափարախոսության հիմքում դնելով ազգային սոցիալ-դեմոկրատիայի արժեքները, հաշվի առնելով նոր պայմաններում քաղաքական պայքարի առանձնահատկությունները ՍԴՀԿ-ն որդեգրում է հետևյալ սկզբունքները.

 

  • Արդարություն.
  • Ազատություն.
  • Սոցիալական համերաշխություն.
  • Ազգայնություն, Հայրենասիրություն.
  • Պետական-ազգային անվտանգություն.
  • Անվճար եւ հասանելի առողջապահություն.
  • Անվճար եւ հասանելի կրթություն.
  • Իրավական եւ սոցիալական պետություն.
  • Հավասարություն, Էգալիտարիզմ.
  • Դեմոկրատիա, քաղաքական եւ գաղափարական բազմազանություն, բազմակարծություն.
  • Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն.
  • Տնտեսության բազմակացութաձեւություն, սոցիալական ուղղուածության տնտեսություն, ճկուն տնտեսություն, ապակենտրոնացում.
  • Մարդու իրավունքների պաշտպանություն.
  • Պետական ընդհանուր ապահովություն.
  • Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք.
  • Բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն։

 

 

  1. Արդարություն.

-Արդարությունը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյանները դիտում են որպես այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են տալիս հավասար պայմաններում ապրել ու աշխատել, ուսում ստանալ ու բուժվել, տնտեսական, մշակութային գործունեություն ծավալել, ունենալ նույն սոցիալական ապահովվածությունը: Արդար չի կարող լինել այն հասարակարգը, որտեղ մարդկանց մի մասը մյուսին զրկում է աշխատելու և ստեղծագործելու հնարավորությունից:

Երբ եկամուտների և ունեցվածքի անհավասար բաշխումը հասարակությունը բաժանում է երկու խմբերի՝ մեկը, որ տալիս է, իսկ մյուսը, որ ստանում է հրահանգներ՝ սահմանափակվում են օրինական հավասար իրավունքները և անխուսափելիորեն առաջ է գալիս անարդարություն: Այդ իսկ պատճառով արդարությունը պահանջում է եկամուտների, ուժի և սեփականության արդարացի բաշխում:

Նվաճումները պետք է ընդունվեն և հարգվեն: Նվաճումների վրա հիմնված եկամուտների և սեփականության բաշխումը արդարացի բաշխում է: Սեփականության իրավունքն իր հետ բերում է նաև պարտականություններ: Նրանք, ովքեր ունեն մեծ եկամուտ կամ ավելի շատ սեփականություն, քան մյուսները, պետք է նաև ավելի մեծ ներդրում ունենան հասարակության բարեկեցության գործում: 

 

  1. Ազատություն.

-Ազատությունը սոցիալ-դեմոկրատիան դիտում է առաջին հերթին որպես անձի ազատություն, երբ յուրաքանչյուր քաղաքացի հասարակական կյանքի ցանկացած ոլորտում ունի ընտրության ու ինքնորոշման իրավունք: Հասարակության մի մասի ազատություններն ու իրավունքները չպետք է ոտնահարեն մյուս հատվածների ազատություններն ու իրավունքները: Անձի ազատության իրականացումը կապված է դեմոկրատիայի և սոցիալական արդարության հետ:

Ազատությունը ենթադրում է ինքնորոշում, յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք եւ կարողություն։ Սակայն անհատը կարո՞ղ է ապրել այդպես՝ այդ կախված է հասարակությունից։ 

Յուրաքանչյուր ոք պետք է ապրի առանց նվաստացնղ կախվածության, կարիքի ու վախի եւ պետք է հնարավորություն ունենա իրացնել իր հնարավորությունները, մասնակցել հասարակական եւ քաղաքական կյանքին։ Անհատը կարող է օգտագործել իր ազատությունը միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ ունի համապատասխան սոցիալական ապահովություն:

 

  1. Սոցիալական համերաշխություն.

-Իր սոցիալական բնույթով լինելով ազգային ընկերվարական կուսակցություն, ՍԴՀԿ-ն վճռականապես մերժում է նեղ դասակարգային դիրքերից ելնող քաղաքականությունը, դեմ է դասակարգային հակամարտությանը և թշնամանքի բորբոքմանը, կողմ է ընկերային համերաշխությանն ու համագործակցությանը, քաղաքացիական համերաշխությանը:

Համերաշխություն նշանակում է երկկողմ կապվածություն, պատկանելություն և օգնություն: Սա ենթադրում է պատրաստակամություն պաշտպանելու և օգնելու միմյանց, ուժեղներին և թույլերին, սերունդներին և ժողովուրդներին: Համերաշխությունը մեծ ուժ է, որը հասարակության անդամներին կապում է միմյանց՝ պատրաստակամ միմյանց օգնելու: Այն ունի ընդհանուր կանոններ, և բարեկեցիկ պետությունն իր մեջ ներառում է քաղաքականապես երաշխավորված և կազմակերպված համերաշխություն:

 

  1. Ազգայնություն, Հայրենասիրություն.

–Հայաստանը դարձնել կայուն, դեմոկրատական, տնտեսապես զարգացած, հեղինակավոր, ուժեղ և արդար պետություն, որտեղից հայերը այլևս չեն արտագաղթի: Հայաստանը գործնականորեն վերածել համայն հայության տան, ստեղծել զանգվածային ներգաղթի պայմաններ։ Հայաստանը երաշխավորն է հայ մարդու կյանքի, ինչքի, հայ մշակույթի, լեզվի եւ հայ ազգի բնականոն կենսագործունեության աշխարհի յուրաքանչյուր կետում։ Այս է հայրենասիրության եւ ազգայնության մասին կուսակցության գաղափարախոսության էությունը:

 

5.Անվճար և հասանելի կրթություն.

-Սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքը կրթության ոլորտում կայանում է կրթական հնարավորությունների հավասարության վրա անկախ անձի բնակության վայրից և նյութական հնարավորություններից։ Կրթական համակարգի դերը կայանում է շուկայական տնտեսության հետեւանքով առաջացած անհավասարությունների շտկման  և ոչ դրա ավելի խորացման մեջ։ 

 

  1. Իրավական և սոցիալական պետություն.

-Բազմակացութաձև տնտեսությունը ծնում է բազմաշերտ սոցիալական համակարգ և առաջացնում է հասարակական շահերի բախում: Ապահովել այդ շահերի համամասնությունը կարող է միայն սոցիալական կողմնորոշում ունեցող իրավական պետությունը: Իրավական պետությունը ՍԴՀԿ-ն դիտում է որպես այնպիսի քաղաքական համակարգ, որն ապահովում է օրենքի գերակայությունը և իշխանության երեք թևերի(օրենսդիր, գործադիր, դատական) անկախ ու ներդաշնակ գործունեությունը:

ՍԴՀԿ-ի այս գաղափարական դրույթները դրվելու են կուսակցության ծրագրային գործունեության հիմքում և նրա կոնկրետ խնդիրները տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության տարբեր բնագավառներում չպետք է հակասեն կուսակցության գաղափարախոսությանը:

 

  1. Հավասարություն, Էգալիտարիզմ.

–Հավասարությունը կարող է լինել միայն իրավահավասարություն, երբ բոլոր քաղաքացիները իրական կյանքում ունեն և օգտվում  են հավասար իրավունքներից։ Չկան ընտրյալներ և արտոնյալներ, այլ միայն հասարակության իրավահավասար անդամներ։

 

  1. Դեմոկրատիա, քաղաքական և գաղափարական բազմազանություն, բազմակարծություն.

-Հասարակության քաղաքական համակարգի հիմքը պետք է լինի ժողովրդաիշխանությունը, որը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հավասար պայմաններում , ուղղակիորեն կամ իր ընտրած ներկայացուցիչների միջոցով, մասնակցությունը պետական-հասարակական կյանքին: 

 

  1. Տնտեսական դեմոկրատիա, մեկնարկային հավասարություն.

–Այն համակարգը, որտեղ քաղաքացիների մի մասը տնտեսապես գերիշխում է մյուսների վրա, պետական լծակներով յուրացնում ուրիշի աշխատանքով ստեղծված արդյունքները, չի կարող լինել իրական ժողովրդավարություն: Միայն այն մարդը կարող է իրականացնել իր կամքը, ով ունի աշխատանքի և տնտեսական գործունեության իրավունք և զրկված չէ արտադրված հասարակական արդյունքների իր մասնաբաժնի սպառման հնարավորությունից:

Քաղաքական դեմոկրատիան անհնար է առանց տնտեսական դեմոկրատիայի:

 

  1. Տնտեսության բազմակացութաձևություն, սոցիալական ուղղուածության տնտեսություն, ճկուն տնտեսություն, ապակենտրոնացում.

-Սոցիալիստական հասարակարգին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացածությամբ և բարեկեցության բարձր մակարդակով: Այն կարող է ապահովվել, ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների օրինակ , սեփականության բոլոր առկայությամբ և նրանց միջև սոցիալ-շուկայական հարաբերություններով ու մրցակցությամբ, եթե դրանք անհարիր չեն ազգային նկարագրին և չեն սպառնում ազգային, պետական անվտանգությանը: 

Մարտավարական նշանակության օբյեկտների և ռեսուրսների ազգայնացումը հասարակական վերահսկողությամբ կարող է հանդիսանալ օրվա հրամայական։

Մեր մոտեցումը հետևյալն է. 

Մրցակցություն այնքան, որքան հնարավոր է, պետության կողմից կարգավորում այնքան, ինչքան անհրաժեշտ է։

 

  1. Մարդու իրավունքների պաշտպանություն.

 -Հզոր և բարեկեցիկ է այն պետությունը, որտեղ պաշտպանված և ապահոված են մարդու իրավունքները՝ անկախ սեռից, տարիքից և այլ հատկանիշներից, որտեղ մարդը լիարժեք անդամն է հասարակության։ Պետության հիմնային պարտականություններից է հսկել, պաշտպանել քաղաքացիների և մարդկանց իրավունքները, հոգ տանել նրանց մասին՝ ակնկալելով հոգատարություն քաղաքացու կողմից պետության նկատմամբ։

 

  1. Պետական ընդհանուր ապահովություն.

-Չկա ավելի ջերմ զգացում, քան տան ընտանեկան միջավայրը, որտեղ քեզ համար հոգում են և ինքդ հոգում ես այլոց համար, որտեղ յուրայինների շարքում ես։

ՍԴՀԿ-ն ձգտում է, որ մեզ բոլորիս մոտ այդ զգացումը լինի հայկական պետականության մեջ։ Ամեն ծնված երեխա սպասված է և ստեղծված են լիարժեք կյանքի բոլոր պայմանները նրա համար։ Տարեցների ներդրումը գնահատվում է ըստ արժանավույնս։ Հատուկ կարիքներով մարդիկ իրենց զգում են այնքան անհրաժեշտ, որքան և հասարակության մյուս անդամները։ Եւ հասարակության որեւէ անդամ զրկված չպիտի մնա համընդհանուր բարիքներից ու անհրաժեշտություններից ֆինանսական պատճառներով։

 

  1. Աշխատանքային պայմանների բարելավում, արժանապատիվ աշխատանք.

-Աշխատանքն հանդիսանում է միջոց և ոչ նպատակ, իսկ աշխատակիցը հանդիսանում է գործատուի գործընկերը և ոչ ծառան։ Աշխատանքը միջոց է ապրուստի ապահովման և բարեկեցիկ միջավայրի ստեղծման։ 

Մեր քաղաքականության նպատակակետն է, որպեսզի Հայաստանում ապահովված լինի զբաղվածության բարձր մակարդակ և աշխատանքի արժանապատիվ վարձատրություն։ 

 

  1. Բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն.

-Շահառուների անբարեխիղճ վերաբերմունքը և օր օրի աճող հանքերը, բնության հաշվին գումար վաստակելու ձգտումը նպաստում են անտառների և շրջակա կենսոլորտի վնասմանը, վերացմանը։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։



 

  • Ազգային հիմնադրույթներ, ազգային քաղաքականություն

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության դիրքը ազգային քաղաքականության  ոլորտում

Քաղաքականապես անկախ, կայացած ազգային պետությունը ազգային կյանքի և կամքի բարձրագույն դրսևորում

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար ազգը հոգեւոր, մշակութային, լեզվական, սոցիալ-տնտեսական, պատմական ամբողջություն է, հիմնային արժեք։

Ազգի եւ պատմաշխարհագրական օրրանի ամբողջությունը վերածվում է Հայրենիքի։

Ազգը զարգացման ամենակենսունակ միջավայրերից է, իսկ քաղաքականապես անկախ, իրավական, ազգային պետությունը ազգային կյանքի եւ կամքի բարձրագույն դրսեւորումներից է։

Ազգի ներսում, որպես ազգային պատկերի փոքր միավոր է ընտանիքը, ընտանիքն ազգային արժեք է։

Անընդունելի է որևէ ազգի կողմից մեկ այլ ազգի ուղղված ցանկացած ոտնձգություն, որով կփորձվի գերակայություն հաստատվի այլ ազգի նկատմամբ։

Արդարացի է պաշտպանության համար կեղեքումների դեմ ըմբոստացած ազգի կռիվը՝ համարում ենք այդ դրսևորումը նրա բանական իրավունքը և հոգևոր պարտքը։

Հայաստանի (կազմում նկատի ունենալով և Արցախը) անվտանգության ապահովմանը գործողությունները ուղղվելու են ազգային անվտանգությանը սպառնացող առկա և հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը, ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը, ոչ միայն պաշտպանական ուղղությամբ, այլեւ անհրաժեշտության դեպքում պատժի և հակահարվածի համար։

Ի հարկե այս ամենի հետ զուգահեռ ուշադրության կենտրոնում է լինելու տնտեսամշակույթային կյանքը, այլապես աննպատակ ենք համարում հզոր պետական համակարգը առանց պետության ներսում սոցիալապես ապահով և արդար հասարակարգի կերտման։ Պետությունը պետք է հանդիասանա ազգի և քաղաքացու անվտանգության ու ապահովության երաշիքը, հովանավորը։

Սոցիալ դեմոկրատ հնչակյաններս դավանում ենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք, մեկ մշակույթ սկզբունքը։

Հրամայական ենք համարում վճռաբար ընդդիմանալ օտարածին զանգվածային մշակույթին, որը սպառնում է ոչնչացնել ազգերի ազգային-մշակութային ինքնությունը, ազգային քաղաքակրթությունների առանձնահատկությունները, որոնք ազգերին հողորդում են ինքնուրույն բնույթ եւ իմաստ հարստացնելով համաշխարհային քաղաքակրթության ընդհանուր երանգը։

Ուստի համարում ենք անհրաժեշտ պետական ակտիվ միջամտությամբ եւ միջոցներով նպաստել, սատարել ազգային լեզվամտածողության, հոգեբանության, ազգային նկարագրի, մշակույթի բոլոր ճյուղերի դրսեւորումների պահպանմանը եւ զարգացմանը, թույլ չտալով լճացում ու կաղապարում, նպաստելով կենսունակ գործունեությանը։

Մեր ժողովրդի ավանդույթների , բարոյական նորմերի եւ ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակությունը, ազգային արժանապատվության եւ շահերի, հայրենիքի պաշտպանության պատրաստակամության դաստիարակումը համարում ենք առաջնային խնդիր:

Հայ ժողովրդի ապագայի, նրա ֆինանսական ու հոգևոր միասնության պահպանմանը վնասաբեր է զանգվածային արտագաղթը: Որպես ազգային անվտանգության եւ ազգային կյանքի, սոցիալապես ապահով եւ արդար հասարակարգի կերտման առողջ, անարգել գործունեության խթան մշտապես ուշադրության կենտրոնում է անհրաժեշտ պահել տնտեսամշակույթային կյանքը։

Հայաստան համայն հայության Հայրենիքն է։ 

Հայաստանը պետք է դառնա հայ մարդու երազանքների երկիրը, որի համար պայքար է մղել շուրջ վեց դար։ Հայությունը պետք է համոզված լինի արդարության, իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված, բարոյական, ազգային և համամարդկային բարձր արժեքներով, ստեղծագործ աշխատանքային կյանքով ապրող Հայրենիքի կերտման հստակ նպատակայնության մեջ։ 

 

ՍԴՀԿ-ն առաջնորվելով իր սկզբունքներով ու գաղափարներով անհրաժեշտ է համարում կիրառել հետեւյալ քայլերը.

  • Սփյուռքից Հայաստան ներգաղթի համալիր ծրագրի մշակում ու իրագործումը։
  • Հայաստանի և Սփյուռքի տեղեկատվական, գիտամշակույթային միջոցների բազմակողմանի համագործակցությունը, համահայկական տեղեկատվական և գիտամշակույթային դաշտի ստեղծումը, ամրապնդում, զարգացում։
  • Նպաստել հայկական քաղաքական, մշակութային և տնտեսական լոբբինգի հզորացմանը` ի շահ համազգային խնդիրների լուծման:
  • Հայրենիքի և Սփյուռքի կապերի ամրապնդումը և զարգացումը ՀՀ ԱԳՆ-ի կողմից պետք է խրախուսվի և օգտագործվի արտաքին հարաբերություններում համահայկական կառույցների դերի բարձրացման համար: Այս առումով կուսակցությունը կարևորում է միջպետական հարաբերությունների զարգացումը այն երկրների հետ, որոնք ունեն հայկական գաղթօջախներ: 
  • Ներդնել ազգային, ռազմադաստիրակչական, մշակութային ծրագրեր կրթական  հաստատություններում՝ սկսած վաղ հասակից։
  • Ապահովել քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը։



 

  • Ներքին Քաղաքականություն

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության դիրքը պետական կառուցվածքի ոլորտում

Հոգատար պետություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պետության գերագույն խնդիրներից է  համարում ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ միջոցներով երկրի ու նրա ազգաբնակչության անվտանգության ապահովումը։ Հայաստանի բնակիչները ցանկանում են տեսնել հոգատար պետություն, սակայն շատերն ունեն անվստահություն առ պետությունը և պակասում է վստահելիությունը առ կրթության հասանելիություն, առողջապահություն, աշխատաշուկա, ոստիկանություն, փրկարար ծառայություն, պետական վարչական համակարգեր և այլն։

Պետության ներքին քաղաքական կյանքում ՍԴՀԿ-ն պատրաստվում է ձեռնարկել հետեւյալ քայլերը.

  • Իրականացնել Սահմանադրական փոփոխություն հիմք ընդունելով խորհրդարանական հանրապետության սկզբունքը։
  • Ընդունել ընտրական նոր օրենք, ըստ որի ԱԺ պատգամավորներին ընտրել բացառապես համամասնական սկզբունքով և նրանց ետ կանչելու իրավունքով: 
  • Կարգավորել հայրենադարձների քաղաքացիության ձեռքբերման, ընտրելու եւ ընտրվելու գործընթացները, շտկելով այնտեղ գոյություն ունեցող բացթողումներն ու խնդրահարույց կետերը։
  • Լրացումներ կատարել պետական պաշտոնների զբաղեցման օրենսդրական պահանջներում։
  • Դատական համակարգը դարձնել բաց, անկաշառ, վերահսկելի և թափանցիկ: 
  • Մարդու համակողմանի պաշտպանության գործում ուժեղացնել արհմիութենական կազմակերպությունների դերը: 
  • Ըստ ամենայնի ապահովել մամուլի, խոսքի և խղճի ազատություն:
  • Հետևողականորեն պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները.

Մարդկային ազատությունը թերի է առանց  սոցիալական արդարության։ 

  • Սոցիալական ոլորտում իրականացնել համակարգային բարեփոխումներ` անհրաժեշտ է սահմանել և պարբերաբար վերանայել կենսաապահովման նվազագույն պահանջները ու դրա մեծությունը, իրականացվող ծրագրերը վերաձևել ըստ այդ մեծության։
  • Տարածքային քաղաքականության ոլորտում պետության արդյունավետ վարչարարության ապահովում, հանրապետության ողջ տարածքում ներդաշնակ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում։
  • ՓՄՁ գործունեության պետական ծրագրի ներդրում եւ ՓՄՁ իրավունքների պաշտպանություն։
  • Համայնքային բյուջեների ձեւավորման աղբյուրների ընդլայնում, անհրաժեշտ միջհամայնքային միավորումների կապերի ստեղծման քայլերի ձեռնարկում։
  • Փաստաթղթայնության և գրասենյակայնության (բյուրոկրատիզացիայի) կրճատում, պարզեցում։
  • Ազգային անվտանգության հարցերի վերաձևակերպում, ընդլայնում և հետևողականություն։
  • Քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, ընդդիմության արդյունավետ գործունեության համապատասխան պայմանների ստեղծումը։
  • Պետությունը չպետք է դուրս մնա տնտեսական գործընթացներից և անհրաժեշտության դեպքում միջոցներ պիտի ձեռնարկի բացասական հետևանքները և խափանումները շտկելու համար:
  • Ազատվել այն մտորումներից, որոնք թելադրում են իբրեւ բոլորինը հանդիսացող որեւէ իր կամ երևույթ ոչ ոքինը չէ.

-Բոլորինն է ՝  յուրաքանչյուրինն է։

 

Մարդկանց ազատությունը սահմանափակված է աղքատությամբ։

Մարզերի և համայնքների մեջ գոյություն ունի անհամաչափ զարգացվածություն և տարբերությունները հսկայական են։

Տարատեսակ ուժերի կողմից ժողովրդավարությունը հիմնված է ոչ թե ժողովրդի ազատ կամարտահայտման վրա, այլ հմտորեն կիրառվող թելադրանքի եւ զանգվածների մոլորեցման, դեմագոգիայի վրա, որը սպանում է իրական ժողովրդավարության ոգին։ Պետական նշանակության հարցերը լուծվում են բացառապես անձնական և նեղ կուսակցական շահերից ելնելով։

Իրավական պետության հիմքերը խափանվում են բյուրոկրատական մեթոդներով և անընդունելի «իրավաբանորեն ամեն ինչ կոռեկտ է» մեթոդներով։ 

Հասարակական սեկտորի զարգացումը և ներգրավումը պետության որոշումներում միայն լոզունգ է, այնինչ դրա տակ թաքնված է հասարակությանը առավելապես քաղաքական պրոցեսներից հեռու պահելու միտումը ։ 

Որպիսզի պետության բնակիչները հոգ տանեն պետության մասին, անհրաժեշտ է, որ պետությունը հոգ տանի իր բնակիչների մասին։ ՍԴՀԿ-ն նպատակադրված է, որպեսզի Հայաստանը դառնա իր բնակիչների մասին հոգացող պետություն, որպեսզի Հայաստանի բնակիչները և հայ ազգը այստեղ իրեն զգա ընտանեկան միջավայրում։

Հանուն հոգատար Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը գտնում է անհրաժեշտ են  նախաձեռնել հետևյալ քայլերը.

  • Արգելել և խստորեն կպատժել պետական համակարգի աշխատակիցներին ստիպողաբար այս կամ այն կուսակցություն ներգրավումը։ Անհրաժեշտ մասնագետներին փնտրել մասնագետների շարքերում և ոչ կուսակցության(կուսակցությունների) մատյաններում։ Աշխատանքի ստանձման համար պայման կարող է հանդիսանալ միմիայն մասնագետի որակական հատկանիշը։ Սահմանել աշխատաշուկայի համար մրցունակ աշխատավարձ։
  • Համայնքային իշխանություններին տալ ավելի լայն հնարավորություններ, ապահովելով հասարակական ապակենտրոնացում։
  • Ներմուծել ներդրումների ծրագիր հիմնված ապակենտրոնացման վրա, որը թույլ կտա Հայաստանի բոլոր շրջաններին զարգանալ հավասարապես։ Ծրագրի շրջանակներում համապատասխան բնակավայրերում ներդրումների համար սահմանել հարկային արտոնություն։
  • Հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր հարկատուի, որ իր վճարած հարկերից ստույգ բաժին(մոտ 1 տոկոս) նպատակաուղղվի որեւէ ոչ կոմերցիոն հասարակական գործունեության համար։
  • Սոցիալապես խոցելի խմբերին ու անձանց` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք ներգրավում։
  • Առավելագույն կարճ ժամանակում լուծել հանրապետության տարածքում անօթևանության խնդիրները համակարգված քաղաքաշինական ծրագրերի միջոցով։
  • Բնակարանային պայմանների բարելավումը` ներառյալ նորաստեղծ երիտասարդ և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովության իրավունքի ամբողջական իրացումը։
  • Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օժանդակությունը։



    1. Սոցիալ-տնտեսական քաղաքականություն 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը սոցիալական քաղաքականության ոլորտում

Պետության մեջ՝ ինչպես տանը

Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ Հայաստանն ունի բավարար հարստություն բնակչության բարեկեցիկ և արժանավայել կյանքը մշտապես ապահովելու համար։ Սակայն դրան հասնելու պարտադիր պայմանն արդար և խելամիտ կառավարումն է։ Սոցիալական անարդարությունը ծնում է աղքատություն, աղքատությունը՝ արտագաղթ, ընտանիքների քայքայում ու հասարակության բարոյազրկում։ 

Սոցիալական զարգացման գլխավոր նպատակներից է մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումը, նրանց համար կրթության բուժսպասարկման, սոցիալական պաշտպանվածության պայմանների ստեղծումը, կենսամիջոցների և ծառայությունների սպառման շարունակական աճի ապահովումը:

Տնտեսական և սոցիալական քաղաքականության գերխնդիրը ձեռնարկատիրության զարգացման և բնակչության զբաղվածության հիմքի վրա մարդկանց իրական եկամուտների ավելացումն է և կենսամակարդակի բարձրացումը: Բացի աշխատանքային և ձեռնարկատիրական եկամուտներից, բնակչության բարձր տարիքի անդամների , անաշխատունակների և հարկադիր գործազուրկների կենսամիջոցները պետք է ապահովվեն կենսաթոշակների և սոցիալական նպաստների միջոցով: Չափազանց էական է նրանց սոցիալական պաշտպանվածության պետական ամրապնդումը  և այդ նպատակով հատկացվող միջոցների անընդհատ աճը: Կարևոր է նաև կատարելագործել բնակչության սոցիալական պաշտպանվածության համակարգը`զուգակցելով պետական և ոչ պետական բաղադրիչների ազատ զարգացումը:

Հաշվի առնելով ընտանիքների անդամների թիվը, դրանով պայմանավորված կրթական և բժշկական սպասարկման ծախսերի ու ստացված եկամուտների անհամամասնական բնույթը, անհրաժեշտ համարել պետական և մասնավոր կրթական ու առողջապահական համակարգերի զուգահեռ գոյությունը: Պետությունը պետք է երաշխավորի դպրոցական անվճար կրթությունը և բնակչության նվազագույն`նույնպես անվճար բուժսպասարկումը: Դրան զուգահեռ կարող են գոյություն ունենալ միջին և բարձրագույն կրթության ու բուժսպասրկման բազմաձև սեփականության հիմքի վրա կազմակերպություններ: Ընդ որում, անհրաժեշտ է արմատավորել առողջապահական ապահովագրական համակարգ։ 

Յուրաքանչյուր տարի պետական բյուջեում պետք է երաշխավորված ու պաշտպանված լինեն բնակչության սոցիալական պաշտպանվածությանը , կրթությանը, առողջապահությանը և մշակույթի զարգացմանը հատկացվող ֆինանսական միջոցները:

Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ծնողների հետ կիսի երեխայի խնամքի և դաստիարակաման հաճելի հոգսը։ Երեխաները ոչ միայն ապագան են, այլև ներկան։ Ուստի համարում ենք, որ բարձրացնելով ընտանիքի սոցիալական պայմանները նպաստում ենք երեխայի աճին առողջ պայմաններում և միջավայրում։ Պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի զավակներ մեծացնող ընտանիքների ծնողներին և հետեւի նրանց սոցիալական անխոցելիությանը։ 

ՍԴՀԿ հիմնային սկզբունքներից է ծեր մարդկանց արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովումը հասարակության մյուս անդամների հետ հավասար։ Արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ է, որպեսզի մարդը ստանա արժանապատիվ թոշակ, բարձրորակ և հասանելի բժշկական սպասարկում և հասարակական հետաքրքրությունների սպառման հնարավորություն։

Առողջապահության ոլորտում տարեցների(եւ ոչ միայն) համար ստեղծված են այնպիսի պայմաններ, որ շատերը նրանցից պարզապես նախընտրում են չդիմել բժշկի։

Մեր նպատակն է, մեր քաղաքականության միջոցով շտկել թույլ տրված բացերը և պետական ու հասարակական վերաբերմունքով նրանց շնորհակալություն հայտնել իրենց ունեցած ավանդի համար մեր կյանքի կայացման գործում։

Մինչ օրս Հայաստանում սոցիալական քաղաքականությունն իրականացվում է որպես ընտրողների ձայներ շահելու միջոց, ձայներ գնելու միջոց իրենց իսկ գումարներով։ Այդ ամենը չեն ցանկանում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյանները։ Մարդկանց արժանապատիվ կյանքը չի կարող լինել քաղաքական առեւտրի միջոց։ 

Մենք բոլորս պետք է մեզ զգանք մեր հայրենիքում ինչպես տանը, անկախ նրանից թե ովքեր են գտնվում քաղաքական ղեկին։

Հանուն այդ նպատակի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նշմարում է ձեռնարկման ենթակա հետեւյալ հիմնական քայլերը.

  • Նկատելիորեն աճեցնել առողջապահության ոլորտում պետական ֆինանսավորումը ի հաշիվ այլ հարկային եկամուտների, միաժամանակ ստեղծել պայմաններ բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացման եւ առողջապահության որակական զարգացման համար, լիկվիդացնել կոռուպցիոն օղակները առողջապահաության ոլորտում։
  •  Ներմուծել նպաստների(ծնելիության խրախուսման, հատուկ կարիքներով խմբերի և այլն) և կենսաթոշակների ամենամյա բարձրացման համակարգ միջին աշխատավարձի հետ զուգահեռ։
  • Աշխատաշուկայում ներմուծել աշխատավարձի ժամային հաշվարկ, ի փոխարինում այսօրյա ամսական կամ օրական հաշվարկին։
  • Էականորեն աճեցնել օժանդակությունը հատուկ կարիքներով անձանց անհրաժեշտ  օգնական սարքերի ձեռքբերման և ռեաբիլիտացիոն բուժման համար, ինչպես նաեւ աշխատանքներ տանել նրանց աշխատանքային գործունեության ապահովման հարցում։
  • Գործատուների, աշխատակիցների եւ արհմիությունների հետ համատեղ ստեղծել ապահովագրման համակարգ աշխատանքային գործունեության ժամանակ դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների համար։
  • Ապահովել և  բարձրացնել երեխայի խնամքի նպատակով ծնողների արձակուրդային աշխատավարձը, նրանց ապահովելով անհարկի աշխատանքային ազատումներից։
  • Դեղորայքային և բժշկական կոմպեսացիա։
  • Լրացուցիչ կրթության և մանագիտական վերապատրաստումների հնարավորության ապահովում։



Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքականությունը տնտեսության ոլորտում

Գիտելիքները և ունակությունները որպես տնտեսության հիմք

Կուսակցությունը կողմ է իրական, սոցիալապես կողմնորոշված բյուջեին:  Տեղական բյուջեների դերն անհրաժեշտ է ուժեղացնել, դրանց եկամուտները պետք է ձևավորվեն կայուն ու երկարաժամկետ հիմքի վրա, բավարար լինեն տեղական իշխանությանն ամրագրված գործառույթների կատարման համար:  Հնչակյանները հանդես են գալիս հօգուտ տնտեսական լիազորությունների ապակենտրոնացմանը: Տնտեսական իշխանությունը հնարավորության չափով պետք է տեղափոխել կառավարման ստորին մակարդակներ` ընդհուպ մինչև տեղական համայնքը: 

Դա ենթադրում է պետական գործադիր իշխանության համապետական մակարդակի ու տեղական համայնքների ինքնակառավարման մակարդակի միջև ռեսուրսների, լիազորությունների ու պատասխանատվության օրենսդրական շրջագծման անհրաժեշտություն:

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը կողմ է սեփականության տարբեր ձևերի՝ մասնավոր, պետական, կոլեկտիվ և խառը, և ձգտելու է այդ հիմքի վրա կառուցել սոցիալական ուղղվածություն ունեցող բարգավաճ տնտեսություն: 

ՍԴՀԿ-ն համոզված է, որ այսօր տնտեսական քաղաքականությունը հիմնված է, ոչ թե արտադրանքի առատության այլ արտադրանքի որակի ու մասնագիտական որակի վրա։

Հայաստանը պետք է անցում կատարի էժան աշխատուժից դեպի պրոֆեսիոնալ աշխատուժ, եւ շեշտը դրվի ժամանակակից մասնագիտական հմտությունների վրա, որը թույլ կտա մեզ մրցունակություն ցուցաբերել տարածաշրջանային եւ համաշխարհային շուկայում։

Եթե պետությունը այս ուղղությամբ չկատարի վերանայումներ, ապա կշարունակվի Հայաստանից «ուղեղների» արտահոսքը։ 

ՍԴՀԿ թիրախն է տնտեսության մեջ ստեղծել գիտելիքահետն և հմտությունների վրա հենված տնտեսություն։ Սա առաջին հերթին նշանակում է կրթության ոլորտում  նորարարության առավել մեծ ներդրում, այդ թվում ճկուն քաղաքականության վարում աշխատանքի և վարձատրության ոլորտում։

Գիտելիքների և ունակությունների հիման վրա տնտեսության կառուցման համար ՍԴՀԿ-ն գտնում է անհրաժետ են իրականացնել հետևյալ հիմնական քայլերը.

  • Նպաստել համընդհանուր զբաղվածության ապահովմանը։
  • Ապահովել կրթության, գիտության և նորարարական ոլորտներում առավել մեծ ներդրումներ, դրան զուգահեռ աճեցնելով տնտեսական արտադրողականությունը։
  • Հարկերից ազատել կրթության և նորարարական ոլորտներում ներդրումները։
  • Էներգիայի ստացման ոլորտում աստիճանաբար գերիշխող դարձնել վերականգնվող էներգետիկան։ Էներգետիկ հզորությունների մեծացում էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմամբ։
  • Արեւային մարտոկցները և այլ այլընտրանքային էներգաստեղծ միջոցների, Էլեկրոտրանսպորտի արտադրանքի և ներմուծման համար թեթևացնել մաքսային և հարկային բեռը։
  • Գիտակրթական արտադրանքների, միջոցների համալիր ցանկ սահմանել,  որոնց ներկրումը և արտադրությունը կթեթևացվեն մաքսային և հարկային բեռից ։
  • Վերանայել հարկային վճարումների չափերը սահամնելով առավել ճկուն համակարգ։
  • Սահմանել շքեղության հարկ։
  • Ապակենտրոնացման սկզբունքով բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորում ներդաշնակ աճ և զարգացում ողջ Հայրենիքում ։
  • Մրցակցային հավասար և արդարացի պայմանների ապահովում և արհեստական տնտեսական մենաշնորհների առաջացման բացառում։
  • Արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության ճյուղերի զարգացման խթանում` բարենպաստ հարկային և մաքսային քաղաքականության իրականացմամբ, ապահովելու համար արտահանման տեմպերի առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ։
  • Խրախուսել ներմուծվող ապրանքների փոխարինումը հայաստանյան արտադրանքով ապահովելով մրցունակ որակ և գներ։
  • Միջպետական և միջմարզային ավտոճանապարհների պահպանման և ներմարզային ճանապարհների վերականգնման և կառուցման ծրագրերի իրականացում արդիական տեխնոլոգիաների միջոցով։
  • Վերանայել օրենսդիր և գործադիր մարմիններում աշխատավարձի չափն ու սահմանել պատասխանատվություն աշխատանքային անգործունեության համար։
  • Համայնքային ծառայությունների և դրանց մատուցման որակը հանրապետությունում դարձնել համադրելի։
  • Կրճատել չարդարացված վարչարարական աշխատանքային հաստիքները։
  • Փոփոխություններ բանկերի և այլ ֆինանսական կառույցների գործունեության սկզբունքներում։
  • Քրեական և վարչական պատժաձևի փոփոխություններ, ներառելով հարկադիր աշխատանքների կատարում։

 

 

  • Աշխատանային քաղաքականություն

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը աշխատանքային քաղաքականության ոլորտում

Այո՝ արժանապատիվ աշխատավարձին, ոչ՝ շահագործմանը և էժան աշխատուժին

Հնչակյան կուսակցության քաղաքականության նպատակակետն է, որպեսզի Հայաստանում ապահովված լինի զբաղվածության բարձր մակարդակ և աշխատանքի արժանապատիվ վարձատրություն։ Մենք դեմ ենք էժան աշխատուժին և պնդում ենք, որ Հայաստանյան աշխատաշուկան ապահովի Հայաստանի բնակիչների զբաղվածությունը։ Պետության ներկա քաղաքականությունը հանգեցնում է Հայաստանից բարձր որակավորմամբ աշխատողների արտագաղթին և հետագայում այդ ոլորտի տկարացմանը։ Մենք համարում ենք, որ Հայաստանյան աշխատավորների աշխատանքի վարձատրությունը պետք է լինի համեմատելի սոցիալապես կայուն երկրների աշխատավորների վարձատրության հետ։ Հայ մասնագետներին անհրաժեշտ է վերադարձնել Հայրենիք։

ՍԴՀԿ քաղաքականությունը աշխատանքի ոլորտում ելնում է աշխատանքի վարձատրության անընդհատ աճից, ելնելով այն համոզմունքներից, որ տնտեսական աճից պիտի շահեն հասարակության բոլոր անդամները։

Արհմիությունները սոցիալ-դեմոկրատների ռազմավարական դաշնակիցներն են:  Արհմիությունները պետք է իրական անկախություն ձեռք բերեն ու դառնան աշխատողների սոցիալական շահերի պաշտպանության գործում հզոր գործիք. Մասնակցել սակագների, գների, աշխատանքի վարձատրման ու պայմանների, զբաղվածության հարցերով պետական մարմինների ու ձեռնարկատերերի միավորումների հետ  համաձայնություններին: Արհմիությունների կարևորագույն խնդիրն է աշխատողների սոցիալական ակտիվության ու իրավական գրագիտության բարձրացումը: 

Արդար աշխատանքային վարձատրության եւ աշխատանքի բարելավման նպատակով ՍԴՀԿ-ն նպատակադրված է իրականացնել հետեւյալ քայլերը.

  • Նախընտրում ենք հայաստանյան աշխատուժը, նպաստել նրանց զբաղվածության բարձրացմանը և մասնագիտական հմտությունների բարձրացմանը։
  • Բարձրացնել աշխատավարձը կախված մասնագետի մասնագիտական հմտություններից և որակավորումից, ստեղծելով պայմաններ աշխատանքային աճի և վարձատրության աճի համար։
  • Խրախուսել արտադրություն տվող մասնագիտությունները և մասնագետներին։
  • Բարձրացնել կանանց ներգրավածությունը աշխատաշուկայում։
  • Ներդնել համակարգ երիտասարդների և շրջանավարտների աշխատաշուկայում ներգրավման համար։
  • Գործատուների կողմից մինչ 25 տարեկան անձանցից աշխատանքային փորձի պահանջի արգելում։

 

 

  • Ագրարային Քաղաքականություն

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը աագրարային քաղաքականության ոլորտում

Հայ գյուղը Հայրենիքի առանցք

 

Գյուղատնտեսության ոլորտում նախընտրելի են միջին եւ խոշոր ֆերմերային(այդ թվում հավաքական տնտեսությունները), բարձր ապրանքային եւ ժամանակակից տեխնոլոգիաներ գործադրող տնտեսությունները:

Քանի որ հանրապետությունում գյուղատնտեսության  հողային, կլիմայական, տեխնիկական հագեցվածության պայմանները հեռու են նպաստավոր լինելուց , ապա կարևորվելու են այդ ոլորտի տնտեսական լծակներով պետական կարգավորումը և ուղղակի օժանդակությունը:

Պետության դրամավարկային և հարկային քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորմանն ու ձեռնարկատիրության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության առավելագույն զբաղվածության ապահովմանը: Այդ նպատակով կատարելագործվելու է տնտեսվարման օրենսդրական դաշտը: 

 Հանրապետությունում ագրոպարենային համակարգի զարգացման, գյուղական բնակչության արտահոսքի կանխարգելման, գյուղերի, հատկապես ծայրամասային եւ սահմանամերձ բնակավայրերի ամրացման, գյուղական բնակչության բարեկեցության բարձրացման նպատակով հրամայական է.

  • Միջոցառումներ ձեռնարկել ոռոգման համակարգերի վերականգման և բարեփոխման ուղղությամբ: Մեծացնել ջրովի մշակելի հողատարածքների քանակը: Գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով ապահովել ոռոգման ջրով:
  • Չօգտագործվող վարելահողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող հողատարածքների ընդարձակում։
  • Ջրամբարների հիմնանորոգում, ոռոգման համակարգի լիարժեք գործարկում և զարգացում` գյուղատնտեսության պահանջների լիակատար բավարարման նպատակադրումով։
  • Գյուղերում ստեղծել կամ վերագործարկել գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունները: 
  • Կազմակերպել գյուղատնտեսական մթերքների կենտրոնացված մթերումն ու նախնական պահեստավորումը, փաթեթավորումը և արտահանումը արտաքին շուկա:
  • Գյուղացիական տնտեսություններին օգնել ձեռք բերելու նորագույն թունաքիմիկատներ, մեքենաներ, սարքավումներ, դեղորայք, սերմացու, տնկիներ և բարձր ցեղայնությամբ օժտված գյուղատնտեսական կենդանիներ, թռչուններ, դրանց թվաքանակի ապահովում:
  • Պետության կողմից խթանել գյուղատնտեսական գիտությունների ինստիտուցիոնալ աշխատանքները, կորդինացնել գյուղատնտեսական գիտության զարգացումը և հայրենական գիտնականների նորագույն մշակումները` արտադրության մեջ ներդնելու նպատակով: 
  • Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգերի ներդրում։
  • Խթանել բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի՝ խաղողագործության և պտղաբուծության զարգացումը։
  • Լայնացնել հացահատիկային բույսերի մշակման հողատարածքները, ձգտել ներքին շուկայի ինքնաբավության։
  • Նպաստավոր պայմաններ ստեղծել ջերմոցային տնտեսությունների զարգացման և տարածքների ավելացման համար։
  • Կենցաղի, գյուղում մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։
  • Անհրաժեշտ պայմանները բավարարող ֆիզիկաաշխարհագրական դիրքերով գյուղերում ներդնել այլընտրանքայն էներգիաների ստացման կայաններ։



 

  • Մշակույթ,Գիտություն,Կրթություն

 

Կրթության ոլորտում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը՝

Կրթություն բոլորի համար

Կրթական համակարգի դերը կայանում է շուկայական տնտեսության հետեւանքով առաջացած անհավասարությունների շտկման  և ոչ դրա ավելի խորացման մեջ։ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքականության սկզբունքը կրթության ոլորտում կայանում է կրթական հնարավորությունների հավասարության վրա անկախ անձի բնակության վայրից և նյութական հնարավորություններից։  Հայաստանի ծնողների ծանրակշիռ մասի համար խնդիր է հանդիսանում նույնիսկ գրենական պարագաների, սպորտային հագուստի, արվեստի և տեխնիկական դասերի պարագաների ձեռքբերումը հիմնական դպրոցի աշակերտների համար։ Անբնական իրավիճակ է, երբ ըստ հետաքրքրությունների որակյալ լրացուցիչ կրթության հնարավորություն չունեն բազմաթիվ ընտանիքներ և այն հասանելի է սակավաթիվների, իսկ շատ երիտասարդներ ստիպված են կրթության հետ միաժամանակ աշխատել ամբողջական աշխատանքային դրույքով։ 

Ծնելիության խրախուսման քաղաքականության հետ համատեղ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներով բոլոր ընտանիքների բարեկեցությանը եւ նրանց հետ կապված ծառայությունների կատարելագործմանը։ Պետության կողմից երեխաներին և երիտասարդներին հասանելի և անվճար կրթության ապահովումը հանդիսանում է մարդկային կապիտալի նկատմամբ ռիսկերի առավելագուն նվազեցում ։

Սոցիալ Դեմոկրտա Հնչակյան կուսակցությունը համարում է, որ կրթության իրավունքը մարդու հիմնային իրավունքն է, առանց որի անիրագործելի այլ իրավունքները, այս իսկ պատճառով կրթությունը պետք է լինի հասանելի բոլորի համար։

Կրթության բնագավառում գլխավոր սկզբունքը պետք է լինի  կրթության մատչելիությունը բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն և ընդունակություն ունեն սովորելու , ընդ որում` միջնակարգ կրթությունը պետք է պարտադիր լինի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Հետևաբար, միջնակարգ կրթության անվճարության սկզբունքը պետք է պահպանել: 

Հիմնարար գիտությունների զարգացումը անհնար է առանց պետական հովանավորության: Կործանարար է այս ամբողջ ասպարեզը թողնել շուկայական հարաբերությունների հույսին: Առանց պետության կողմից կատարվող կամ պետության հովանավորությամբ ու աջակցությամբ կատարվող ներդրումների`հիմնարար գիտությունները դատապարտված են կործանման: 

Մենք նպատակադրված ենք նախաձեռնել հետեւյալ հինական քայլերը.

  • Մանկավարժների, դաստիարակների և դասախոսների միջին աշխատավարձի ապահովում սոցիալապես ապահով և արժանապատիվ կյանք վարելու համար։
  • Բոլոր ցանկացողներին ապահովել ուսումնական տեղերով մսուրներում և մանկապարտեզներում, իսկ մանկապարտեզներում և դպրոցի նախապատրաստական դասարաններում կրթվող սաների ողջ ֆինանսական ծախսը կստանձնի պետությունը։
  • Ընդլայնլ անվճար հիմնական կրթության հնարավորությունները, ինչպես նաև պետությունը իր վրա վերցնի դպրոցներում աշխատանքային տետրերի, գրքերի ֆինանսական բեռը, որին հավելյալ կապահովի դպրոցներում լրացուցիչ անվճար կրթություն(արվեստ, արհեստ, սպորտ) և նյութապահովվում։
  • Պետությունը իր վրա վերցնի հիմնական դպրոցների աշակերտների արտադպրոցային լրացուցիչ կրթության ծախսերը շաբաթական երկու ժամ ծավալով, ինչպես նաև դպրոցների դռները բաց կլինեն աշակերտների համար ժամը 7։00-18։00։ Դպրոցներում ստեղծվեն պայմաններ աշակերտների ինքնապատրաստության համար։
  • Բարձրացվի բուհական կրթության որակը, իրականացվեն համակարգային փոփոխություններ հայկական բուհերը մրցունակ դարձնելով միջազգային շուկայում։ Ապահովվի ուսանողների կեցությունը հանրակացարանների միջոցով, իսկ մոտ բնակավայրերի ուսանողների համար ստեղծվեն անվճար ուսանողական երթուղիներ կամ տրանսպորտային ծախսերը փոխհատուցվեն։
  • Ստեղծենք մասնագիտական վերապատրաստումների, լրացուցիչ կրթության անվճար ուսումնական հաստատություններ չափահաս հասակավոր բնակիչների համար։
  • Բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելով գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ։ Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության, տնտեսության և մշակույթի հենքը։ 
  • Պետական կրթական հաստատությունների ուսումնական տեխնիկական հնարավորությունների (գրադարաններ, էլեկտրոնային աղբյուրներ և այլն) նվազագույն անհրաժեշտ պահանջների սահմանում և բավարարում հաշվի առնելով խնդրի պահանջները։
  • Գիտահետազոտական ինստիտուտների մրցունակության ապահովում ու հետագա գործունեության հստակեցում։
  • Աստիճանաբար անցնել բարձրագույն կրթութեան անվճար համակարգի։
  • Կրճատել տարեկան պարբերական քննությունների քանակը։
  • Միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցության և ինտեգրացիայի խթանման ծրագրերի մշակում և իրագործում։
  • Հայագիտության արդի և հեռանկարային հիմնահարցերի լուծմանն ուղղված գիտական ծրագրերի մշակում և իրագործում։
  • Հայոց լեզվի պաշտպանության ու զարգացման համալիր ծրագրի մշակում և իրագործում։
  • Երիտասարդների համար աշխատանքային լայն հնարավորությունների ստեղծումը, կրթություն-գիտություն-արտադրություն հստակ շղթայի իրագործում։
  • Մարտարվեստների և առողջարարական մարմնամարզության ներմուծում հիմնական կրթական համակարգեր։

 

Մշակութային ոլորտում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը՝ 

Ստեղծարար ժողովուրդ

Հայաստանը ազգային պետություն է։ Ազգ և Հայրենիք հասկացողությունները ոչ թե թերի, այլ գոյություն չունեն առանց ազգային մշակույթի։ 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքականության նպատակակետը մշակութային ոլորտում հանդիսանում է արժանապատիվ կյանքի համար Հայաստանը։

ՍԴՀԿ-ն գտնում է, որ առաջին սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի հոգևոր մշակութային բնագավառում, դա ստեղծագործական աշխատանքի նկատմամբ պետական ցանկացած միջամտության ու հսկողության բացառումն է (բացի ազգային մշակույթը մարդատյացությունից, ցեղապաշտությունից և նմանատիպ այլ արատներից հեռու պահելուց): Արվեստը, գրականությունը իրենց բնույթով արդեն հակառակ են բոլոր տեսակի թելադրանքների և սահմանափակումների: Արվեստագետը ազատ պետք է լինի իր որոնումներում:

Մշակույթը ինքնուրույն համակարգ է, անբաժանելի է կրթությունից և սոցիալական ոլորտից ։ 

Բայց այս սկզբունքը չպետք է նշանակի որ պետությունն իր վրայից նետում է ազգային մշակույթի զարգացման հոգսը: Ազգային պետությունը պետք է լինի ազգային մշակույթի զարգացման գլխավոր հովանավորը: Ոչ մի դեպքում չի կարելի արվեստը անպաշտպանորեն նետել շուկայական հարաբերությունների ոլորտ:

Մշակույթի ամբողջականության, հասանելիության և զարգացման հաստատությունները կենաց նշանակություն ունեն։ Այդ հաստատությունները ստեղծում են հասարակական բարեկեցություն։

Պետությունը պետք է ունենա հստակ մշակութային քաղաքականություն: Դրա նպատակը պետք է լինի հայկական արվեստի ազգային առանձնահատկությունների պահպանումն ու զարգացումը: Սա չի նշանակում հայկական մշակույթի մեկուսացում ու հակադրում համամարդկային մշակույթին, բուն համամարդկային մշակույթը չի կարող գոյություն ունենա այլ կերպ , քան իբրև ազգային մշակույթների ամբողջություն: Մշակությի մեջ համամարկայինը դրսևորվում է ազգայինի միջոցով: Մշակութային քաղաքականության կարևոր կետերից մեկը պետք է լինի ամենալայն կապերը աշխարհի երկրների հետ, առանց զոհաբերելու մշակույթի ազգային դեմքը:

Հայոց լեզուն հանդիսանում է ստրատեգիական ռեսուրս հայկական պետության համար։ Մեր քաղաքականության մեջ հայոց լեզուն ստանձնում է առանձնահատուկ ազգային անվտանգության դեր։

Քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում Հայաստանում ամենեւին չեն գործում օրենքները եւ այն ենթարկված է անհատի կամայականություններին։ Այնինչ միջավայրի էսթետիկան իր ազդեցությունն է գործում բոլորի վրա։  ՍԴՀԿ-ն պատրաստվում է առաջադեմ նորմերի և օրենքների ներմուծմամբ կանոնավորել քաղաքաշինական և ճարտարապետական ոլորտը, նպաստելով ազգային քաղաքաշինական և ճարտարապետական մտքի զարգացմանը և ծառայեցնելով դա ի շահ հասարակության։

Մշակութային խնդրում պետք է հաշվի առնել այսօր լայնորեն ծավալվող գլոբալիզացիայի վտանգավոր միտումները: Գլոբալիզացիան բերում է ազգային առանձնահատկությունների ըստ էության բռնի համահարթեցման, երբ նյութապես թույլ երկրին շուկայական հարաբերությունների օրենքներով թելադրվում են նյութապես ավելի հարուստ(բայց ոչ անպայմանորեն ավելի բարձր մշակույթ ունեցող) երկրների մշակույթներն ու կանոնները։

Հայկական պետականության մշակութային քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի մշակութային զարգացումը սեփական դիմագծի պահպանմամբ։

 Այս առթիվ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նպատակ ունի  իրականացնել հետեւյալ քայլերը.

  • Ազգային մշակույթի և մտածողության , առաջադեմ ուսումնասիրությունների, մեթոդների հիման վրա կրթական ծրագրի ներդրում։
  • Բնակավայրերի համար քաղաքաշինական նախագծերի համալիր մշակում , քաղաքաշինական և ճարտարապետական միջավայրի ձեւավորման պայմանների հստակեցում, խստացում։
  • Ամրապնդել մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը։
  • Մանուկների ու պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համակարգերի զարգացման ծրագրային օժանդակություն,զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների բարելավում։
  • Սահմանել մշակութային ոլորտի աշխատակիցների համար միջին պայմանագրային գին, և սահամանափակել նվազագույն գինը, որը հիմք կհանդիսանա գործատուի հետ պայմանագրերի կնքման համար։
  • Մեկնարկ տալ հայոց լեզվի(բոլոր ճյուղերի) ուսուցման և գիտելիքների կատարելագործման մի շարք ծրագրերի, այդ թվում պարբերական վերապատրաստումների կանչել սփյուռքում ուսուցչական գործունեությամբ զբաղվող մասնագետներին, խոշոր հայկական համայնքներում պետական և համագործակցության պատրաստ կողմերի միջոցներով ստեղծվել հայկական դպրոցներ կամ հայոց լեզվի ուսուցման կենտրոններ։
  • Համայնքային մշակութային կենտրոնների գործունեության համար իրականացնել օժանդակություն և առնել պետության ուշադրության կենտրոնում։
  • Բարելավել մշակութային ժառանգության հասանելիությունը և ստեղծել դրանց պահպանման համար նպաստավոր պայմաններ զինելով համապատասխան հաստատությունները անհրաժեշտ տեխնիկայով և գույքով։
  • Ապաքաղաքականացնել մշակույթը և արվեստը վերադարձնելով դրանք ժողովրդին, մշակույթը դուրս պիտի մղվի «պալատներից» և մշակութային գործիչները պիտի զերծ լինեն «պալատական» որոկավորումից։ 
  • Ապահովել մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում։
  • Մշակույթի ոլորտում ներդնել տեղեկատվական-հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաներ։
  • Ազգային պատմամշակութային ժառանգության համապարփակ գույքագրում և դրանց մատչելիության ապահովման, տեղաշարժի վերահսկման և պահպանության ժամանակակից, բարձր հուսալիություն ունեցող համակարգերի ստեղծում։
  • Մշակույթի օջախների դաստիարակչական և ուսուցողական գործառույթների խթանում։
  • Մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված հասարակական նախաձեռնությունների խրախուսում։
  • Հիմնել մշակութային ժամանակակից ենթակառույցներ, որոնք հնարավորություններ կստեղծեն հայ արվեստը միջազգային ասպարեզում արժանվույնս ներկայացնելու և համաշխարհային մշակութային գործընթացներում մրցունակ դարձնելու համար:



 

  • Առողջապահություն և Սպորտ

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը առողջապահության քաղաքականության ոլորտում

Առողջ անհատ, առողջ պետություն

 

ՍԴՀԿ-ն գտնում է, որ առողջությունը մարդու հիմնային իրավունք է և դրանից ելնելով հասարակությունը պետք է ապահովի մարդու առողջության հնարավոր բարձրագույն մակարդակը։ 

Վերականգնել անվճար բուժսպասարկումը, պահպանելով առողջապահական մասնավոր հիմնարկների համակարգը նրանց համար, ովքեր կարող են վճարել դրա դիմաց: Խրախուսել ամուսնություններն ու բազմազավակությունը`զարգացնելով դրան ծառայող բուժսպասարկման որակը, ընդլայնել ցանցը:

Բնակչության առողջության առաջնային, մոր և մանկան առողջության պահպանումը։

Մատչելի և որակյալ բժշկական օգնության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության, սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության, դեղորայքի բավարարման արդյունավետ կազմակերպումն ու հասցեականության բարձրացումը։

Բնակչության առողջության լավացման նպատակով գտնում ենք անհրաժեշտ է նախաձեռնել  հետեւյալ հիմնական քայլերը.

  • Բարձրացնել բժշկական կրթության որակը, կապահովենք պետական հիվանդանոցների աշխատակից բժիշկներին և բուժաշխատողներին շուկայականին մրցունակ աշխատավարձ։
  • Ներմուծել առողջության ապահովագրման համակարգ, մասնավորապես ուշադրություն դարձնելով աշխատանքային գործունեության այն ոլորտներին, որտեղ բարձր են առողջության հետ կապված ռիսկերը։
  • Ստեղծել արտոնյալ հարկային քաղաքականություն համայնքներում առողջապահական ոլորտի գործունեության համար։
  • Ստեղծել համակարգ, որտեղ առողջապահության ոլորտում անկախ մարդու սոցիալական կարգավիճակից նա առաջին հերթին կստանա անհրաժեշտ սպասարկում երկրորդ պլանում թողնելով ծառայության վճարները։

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքականությունը սպորտի ոլորտում

Անհատի ֆիզիկական ամրությունը հաջողակ պետության ցուցանիշ է

Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը պետք է կազմեն մեր առօրյական մշակույթի մի մասը, քանզի  ֆիզիկական և հոգեւոր առողջությունից է կախված մեր պետության ապագան։

Որպես սպորտի տարբեր բնագավառներում մեծ վաստակ ունեցող պետություն մենք պիտի ունենանք այնպիսի քաղաքականություն, որպեսզի գեթ մեկ սպորտային տաղանդ չկորչի և սպորտային միջոցառումների մասնակցության գեթ մեկ ցանկություն իսկ չմնա չիրականացված։

Հայաստանում սպորտի եւ առողջ ապրելակերպի էլ ավելի ծավալման նպատակով դիտարկում ենք հետեւյալ հիմնական քայլերը.

  • Արդիականացնել դպրոցներում սպորտային օբյեկտները, աստիճանաբար վերազինել դրանք աշակերտների համար ստեղծելով գրավիչ պայմաններ։ 
  • Մանկապարտեզները հագեցնել մանկահասակ երեխաների համար նախատեսված սպորտային անհրաժեշտ գույքով, ներդնել մանկահասակ երեխաների ֆիզիկական դաստիրակության ծրագիր։
  • Նպատակային սպորտում արված ներդրումներ իրականացնող գործարարների հարկային բեռի թեթեւացում։
  • Մարզիչների և սպորտային մանկավարժների աշխատանքային վարձատրության սկզբունքը համապատասխանեցնել մանկավարժների համար սահմանված սկզբունքներին։
  • Խրախուսնել և օժանդակել համայնքային սպորտային հաստատությունների գործունեությունը։
  • Ներդնել ազգային, ռազմադաստիրակչական, մշակութային ծրագիր կրթական  հաստատություններում՝ սկսած վաղ հասակից։

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը շրջակա միջավայրի հարցերում՝ 

Նոր հանքերին՝ ո՛չ

ՍԴՀԿ-ն գտնում է, որ Հայաստանում հասունացել է ժամանակը զարգացնելու այլընտրանքային էներգետիկան և պետականորեն ներդրում կատարելու վերականգնվող էներգետիակայի ոլորտում։ Այսօր Հայաստանը այն եզակի երկրներից է, որը հանդիսանալով Էլեկտրաէներգիա արտադրող՝ պետության բնակիչների համար այն մնում է ծանր ֆինանսական բեռ։ Այնինչ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացման միջոցով թեթեւացնել ազգաբնակչության հոգսը։

Հետխորհրդային տարիներին Հայաստանում  անտառապատ տարածքները կրճատվել են գրեթե 2 անգամ, իսկ առկա անտառապատ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում և վերացման վտանգի տակ են։ Կապիտալիստների անբարեխիղճ վերաբերմունքը և օր օրի աճող հանքերը, բնության հաշվին գումար վաստակելու ձգտումը նպաստում են անտառների և շրջակա կենսոլորտի վնասմանը, վերացմանը։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դեմ է արտահայտվում ի հաշիվ բնության նոր հանքերի առաջացմանը և գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։

Հանուն շրջակա միջավայրի անվտանգության պահպանման եւ զարգացման մենք տեսնում ենք հետեւյալ քայլերը.

  • Անընդհատորեն աստիճանաբար նվազեցնել ՀՀ տնտեսության կախումը հանքարդյունաբերությունից, իսկ այն բնակավայրերում, որոնց բնակչության հիմնական եկամուտի աղբյուրը հանդիսանում է հանքային արդյունաբերությունը՝ կիրառել հատուկ եւ համակարգային մոտեցում աշխատանքային զբաղվածության այլընտրանքային տարբերակներ ստեղծելով, եւ մասնագետների մատչելի վերապատրաստումներով։
  • Ազատել հարկումից էլեկտրոշարժիչով եւ էկոլոգիական մաքուր վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցները։ Տրանսպորտային համակարգի գերծանարաբեռնվածությունը թեթեւացնել եւ նրանց արտանետած վնասները նվազեցնելու նպատակով կատարելագործել ներքաղաքային հասարակական երթուղային տրանսպորտները, կխրախուսվի դրանցից օգտվելը։
  • Կազմակերպել և օժանդակել  տարածքների օպերատիվ հսկողության համակարգերի ստեղծմանը, որոնք կօգնեն առավել արդյունավետորեն հսկել շրջակա միջավայրը և արագորեն արձագանքել արտակարգ իրավիճակներում։
  • Ստեղծել աղբի վերամշակման արտադրամասեր ըստ տեսակի և խրախուսել համայնքներում այդպիսի արտադրամասերի ծավալումը։ 
  • Անապատացման դեմ պայքարի համալիր ծրագրի մշակումը և իրագործումը։
  • Քաղաքների և այլ բնակավայրերի բնապահպանական խնդիրների լուծման ծրագրի իրագործում, այդ թվում արտադրական կառույցներում գերժամանակակից զտիչների կիրառում։ 
  • Երկրի անտառածածկույթի հսկողության, առողջացման և ընդլայնման մեխանիզմների ստեղծումը և ծրագրերի իրականացումը։



 

  • Հայրենիքի Պաշտպանություն

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը հայրենիքի պաշտպանության հարցում՝

Մենք ուխտյալ զինվոր ենք մեր Հայրենիքին

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է ազգային անվտանգության հիմնախնդիրները մշակելիս առանձնահատուկ տեղ հատկացնել զինված ուժերին, դրանց կառուցվածքին, մարտունակությանը, սպառազինության որակին, բանակի թվակազմին, այլընտրանքային զինծառայության սկզբունքներին։

Պաշտպանական ծախսերը պետք է կազմեն պետական բյուջեում երկրի անվտանգության պահանջներին համազոր բաժին։

Հնչակյան կուսակցությունը համարում է, որ ՀՀ ԶՈՒ զարգացման եւ մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ է նախաձեռնել հետեւյալ քայլերը.

  • Պատվո վարքականոն մշակել և կիրառել ։
  • ԶՈՒ-ն զերծ պահել հյուծող ու պասիվ պաշտպանությունից, այլ ունակ լինել շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն ապահովել մեր տարածաշրջանում, անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններ և հակահարված իրականացնելով։
  • Շարունակել զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում և հատկապես հայրենական արտադրության։
  • Կարգապահության կտրուկ աճ, որի օրինակ պիտի  հանդիսանան նախ հրամանատարները։
  • Ազատում կոռուպցիայից և հովանավորչությունից։
  • Նոր հիմքի վրա դնել բանակ-հասարակություն կապը, առավելապես ներգրավելով կրթական հիմնարկները։
  • Մեծ տեղ հատկացնել բանակը գրագետ մասնագետներով համալրելու աշխատանքներին։
  • Պարտադիր և պրոֆեսիոնալ ծառայությունների ճկուն համադրություն։
  • Սերժանտական կազմի պրոֆեսիոնալիզմի ներդրում, դերի և պատասխանատվության բարձրացում։
  • Սահմանամերձ տարածքների և ենթակառուցվածքների զարգացում` ռազմավարական նպատակներին համապատասխան։
  • Գաղափարական դաստիարակություն: Նորակոչիկը բանակ պետք է զորակոչվի գիտակցելով իր առաքելությունը, իսկ զորացրվելով վերադառնա որպես հասարակության լիարժեք և առողջ անդամ։
  • Զինծառայողների, զոհվածների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների, վետերանների սոցիալական խնդիրների ամբողջական լուծում։
  • Զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում` Հայրենիքին ծառայելու արժանավայել պայմանների ստեղծմամբ։
  • Հայկական ռազմական մշակույթի ձեւավորում: Կիրառել նոր մեթոդներ, համարձակ և անսպասելի լուծումներ, ինչը հնարավորություն կտա հաղթական խաղաղությամբ ավարտել մեզ պարտադրված յուրաքանչյուր պատերազմ:
  • ԶՈԻ ցանցային ղեկավարման մոտեցումների կիրառում։
  • Ներդնել ազգային, ռազմադաստիրակչական, մշակութային ծրագիր կրթական  հաստատություններում՝ սկսած վաղ հասակից։



 

  • Արտաքին Քաղաքականություն

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության դիրքը արտաքին քաղաքականության հարցում՝

Բացառապես ազգային շահեր

Արտաքին քաղաքական հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ազգային շահերով։

ՀՀ արտաքին քաղաքականության գերխնդիրը Հայաստանի պետականության ամրապնդումն է , նրա միջազգային հեղինակության բարձրացումը` հանուն համայն հայության ազգային շահերի պաշտպանության:

  • Հայկական Հարցը և Հայ Դատը պետք է լինեն արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը: 

ՍԴՀԿ-ն վճռականորեն պայքարելու  է այն արտաքին ու ներքին ուժերի դեմ, որոնք Հայ Դատի գաղափարն օգտագործում են իրենց հետին նպատակների համար:

  • Թուրքիան շարունակում է Հայաստանի եւ Հայ ազգի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք համապատասխան արձագանքել թուրքական պետության գործողություններին, թույլ չտալով վնասել մեր ազգին(եւ Հայրենիքում եւ հայրենիքից դուրս) և պետականությանը։ 
  • ՍԴՀԿ-ն Արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման իրավունքի եւ միջազգային իրավունքի սկզբունքների սահմաններում, պայքարելու է զինադադարի պահպանման եւ ԵԱՀԿ խաղաղ կարգավորման գործըթացի շարունակման համար: Ըստ փոփոխվող իրավիճակի Հնչակյան կուսակցությունը պատրաստ է  համապատասխան արձագանքի եւ քայլերի։ Արցախի հիմնախնդրում որպես վերջնական հանգուցալուծում տեսնում ենք Արցախի եւ Մայր Հայաստանի ամբողջական միավորումը։
  • Արտաքին քաղաքականության ամենօրյա խնդիրները Հանրապետության գործարարա մասնակցության ապահովումն է համաշխարհային ինտեգրացող գործընթացներում, նրա տեղի ու դերի ամրապնդումը Եվրոպայի կառույցներում, տարածաշրջանային համագործակցության մեջ։
  • Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները և նման հարցերում միջազգային փորձը` Հայաստանը պետք է ջանք գործադրի հարեւան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու` Ջավախքի և հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար: 
  • Իրանի Իսլամական Հնարապետությունը տարածաշրջանի  ծանրակշիռ դերակատարներից է, այս երկրի հավասարակշռված քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում կայունության պահպանմանը։ Հայաստան-Իրան հարաբերությունները էներգետիկ, առեւտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության բնագավառներում լայն համագործակցություն եւ հարաբերությունների խորացում, բանկային ոլորտի համագործակցություն։
  • Շարունակել համագործակցությունը ՌԴ հետ և զարգացնել այն հիմնվելով ազգային շահերի վրա։
  • Շարունակել և խորացնել համագործակցությունը ՉԺՀ-ի հետ տնտեսական, մշակութային, ռազմական բնագավառներում։
  • Շարունակել և խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ տնտեսական, մշակութային, ռազմական բնագավառներում։
  • Արտաքին քաղաքականության ձախողումները իրենց մեջ ունեն ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներ: ՍԴՀԿ-ն օրվա խնդիր է համարում արտաքին քաղաքականության ներպետական ու արտասահմանյան մարմինների գործունեության արմատական վերակառուցումը, արհեստավարժ համակարգի ստեղծումը և ազգային դիվանագիտական կադրերի պատրաստման նկատմամբ պետական հոգատարության և վերահսկողության սահմանումը:
  • Արտաքին քաղաքականության ոլորտում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության առանցքային նպատակներից է Հայաստանը դարձնել Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության խորհրդանիշ, միջազգային հեղինակությունն ու բարձր վարկը հարևան պետությունների հետ վիճելի հարցերի լուծումը հնարավոր կդարձնեն դիվանագիտական և քաղաքական միջոցներով:



  1. Վերջաբան

 

«Ազգային առնական քաղաքականութիւն՝ ահա մեր պահանջը։

Հանդուգն պահանջ՝ ահա մեր դիրքը»։

 

©Փարամազ

«Հնչակ», N1 մայիս, 1914թ.

Ոլորիր
Կամ պահիր