Նա, որին վիճակվեցաւ վերջը դառնալ Սասունի ամենայայտնի հերոսը, Սասունի ապստամբութեան առաջնորդը, Կիլիկիայի Հաճըն քաղաքի մի համեստ ընտանիքի զաւակ է։ Այն հանգամանքների ու դէպքերի շնորհով, որ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում Զեյթունում, սկսած եօթանասուն թուականներից. Համբարձումի միտքը դեռ պատանի հասակից պատրաստում էին այն գործունէութեան համար, որի ասպարէզում ընկաւ նա հերոսաբար։ Ուսանող բժշկական դպրոցի Կ. Պօլսում՝ նա արդէն լրջօրէն մտածում էր ծառայել իր ժողովրդին, բայց ոչ իր մասնագիտութեամբ, կամ գրական ու դպրոցական եւ կամ որ եւ է ուրիշ այդօրինակ գործունէութեամբ։ Նա մտածում էր մէկ արմատական գորունէութեան դիմել, որով կարել լիներ բարենորոգել ժողովրդի վիճակն էապէս և ո՛չ կիսատ միջոցներով, (---՞), որոնց իսկ օրինական գործադրելու անհնարինութիւնը թուրքական րէժիմի տակ՝ նրա համար արդէն պարզ էր դարձել ուրիշների փորձերից։ Հետաքրքրվող ու քննող խելք՝ նա միշտ իր ականջն էր սրում դէպի ամեն-մի խօսք ու դատողութիւն, որ գրվում կամ ասվու էր ժողովրդի դրութեան եւ նրա պահանջների ու պէտքերի մասին։ Քիչ խոսող և առհասարակ ծածկամիտ՝ նա դիտում էր իր շուրջն ամեն բան, ինչ վերաբերութիւն ունէր ժողովրդին։ Նրա գլուխը դարձել էր այդպիսի դիտողութիւնների մէկ ամբողջ գրադարան, որ նա ինքը շարունակ քրքրում էր, բայց սակաւ անգամ ներկայացնում ուրիշին։ Այդ «գրադարանը» որոշում էր նրա ընթացքը, նրա վերաբերութիւնը դեպի այս կամ այն անձը, դեպի այս կամ այն երեւոյթը կամ դէպքը։

         Այդպիսի մանրակրկիտ աշխատութիւն, որ նա ունէր ուղեղում, ամենաբնորոշ յատկութիւնն էր կազմում նաեւ նրա գործունէութեան ու ընթացքի մեջ։ Ինչպէս մանրակրկիտ կերպով, մեծ համբերութեամբ նա քննում ու փորում էր ամեն-մի հարց և ամեն-մի երեւոյթ, նոյնպէս նա մանրակրկիտ ջանքով անում էր այն բոլոր գործերը, որ իր բաժնին էին ընկնում։ Եւ դեռ ուսանողական նստարանից նրա մեջ նկատվում էին ապագայ վերին աստիճանի ընդունակ կազմակեպողի (organisateur) բոլոր անհրաժեշտ յատկութիւնները։

            Մտքի այդպիսի յատկութիւններ և բնաւորութեան այդպիսի հակումներ ունեցող մէկն առհասարակ պատրաստ է անձնատուր լինել հէնց առաջին լուրջ պատահարին, որ նրան միջոց է տալիս աշխատելու ժողովրդի համար իր ձգտումների համաձայն։ Արդարեւ, 1890թ., ուրիշ շատերի հետ միասին, որոնք վերջը գրեթէ բոլորն էլ դարձան յեղափոխական յայտնի գործիչներ – այսօր բանտերում փակված,- նա անդամ գրվեցաւ Հնչակեան կուսակցութեան, որ այդ ժամանակներն արդէն բաւական ճիւղաւորվել էր Հայաստանում։ Նոյն թուին, խիստ կերպով խառն լինելով Կ. Պօլսի անմոռանալի Ցոյցի մէջ, խուսափելու համար կառավարութիւնից, որ նրան փնտռում էր, նա պահվեցաւ նոյն իսկ Կ. Պօլսում մի տան մէջ։ Ոստիկանութիւնն ամեն անկիւնում փնտռում էր նրան, նրա պատկերը մեծադիր դիրքով նկարված և կախված էր ոստիկանապետ Նազըմի ընդունարանում՝ ոստիկանութեան մէջ, ուր նա ցոյց էր տրվում ամեն ձերբակալվածին թէ արդեօք չը գիտէ ուր է. իսկ լուսանկար պատկերը բազմաթիւ օրինակով բաժանված էր ոստիկաններին ու լրտեսներին, որ նրան գտնեն և նրա գլուխը գնահատված էր 2 000 ոսկի, որ պէտք է տրվէր այն մարդուն, ով մատնանիշ կանէր նրա թագստի տեղը կամ նրա անձը։ Եւ այդ պարագաներում, այն էլ այնպիսի մի ժամանակ, երբ 7-8 հարիւր ձերբակալվածներով լցվել էին Կ. Պօլսի բանտերը և թագաւորում էին սպիտակ տէռօրը, կառավարութեան սարսափահար միջոցները, ամբողջ ամիսների ընթացքում Պօյաճեանն անխռով կերպով շարունակում էր մնալ Կ. Պօլսում, ի հարկէ, պահված և կատարում էր իր գործերն ու պարտականութիւնները։

              Բժշկական դպրոցում, ի հարկէ, այլ եւս նա չէր յայտնվում, որ պէտք է նոյն ամիսներում՝ տար իր վերջնական ընթացաւարտի քննութիւնը։

              Պահված վիճակում երկար ժամանակ, պարզ է, նա չէր կարող մնալ և իր ընկերների ստիպումով, նա հարկադրվեցաւ փախչել Կ. Պօլսից Եւրօպա։ Գաղափարներով համոզված Հնչակեան արդէն Կ. Պօլսում, Եւրօպայում՝ մէկ ու կէս տարւայ ընթացքում նա պարզում է իրան այն բոլորը, ինչ տակաւին անորոշ էր մնացել իր մէջ գաղափարական տեսակէտից։ Բայց նա իր բնաւորութեան յատկութիւններով կազմակերպական գործի մարդ է առաջնապէս։ Նրան պէտք են անմիջական, շօշափելի գործեր ու աշխատութիւններ, գնալ, գալ, տեսնվել մէկի, միւսի հետ, անել գործնական կարգադրութիուններ կազմակերպութեան վերաբերեալ, մտնել խմբերի մէջ, կանոնաւորել նրանց, բացատրել նրանց իրանց պաշտոններն ու գործառնութիւնները, լուսաբանել նրանց Հնչակեան գաղափարները, նպատակը, գործելու եղանակները։ Այդ ներքին, կարելի է ասել, իր օրգանական պահանջի շնորհով Պօյաճեանն իր Եւրօպա եղած ամբողջ ժամանակամիջոցում՝ անդադար ձգտում էր դէպի Հայաստան, ուր միայն կարող էր ստանալ գոհացում իր փափագին։ Այդ տեսակէտից չափազանց յիշեցնում էր իր եղբօրը, Ժիրայրին, որ 10 տարիից ի վեր իր յանդուգն գործունէութեամբ դարձել էր թիւրք կառավարութեան (...՞), վերջն իր փոքր եղբօր պէս հանդիսացաւ հերոս Եօղկատի անցեալ տարւայ նշանաւոր կռւում և նոյնպէս ձերբակալվեցաւ։ Առանց դատարանի կառավարութիւնը մի քանի օրից յետոյ նրան կախաղան հանեց, ուր նա բարձրացաւ օրինակելի քաջութեամբ։ Դա տեղի ունեցաւ Համբարձումի Սասունում ձերբակալվելուց ընդամենը մեկ-երկու ամիս առաջ։

                 Որքան պաղարիւն, հանդարտ սրտով էր գործում Համբարձումը երկրում, նոյնքան անհանգիստ և ստէպ վրդովված վիճակում էր գտնվում նա Եւրօպայում։ Վերջապես նրան աջողեցաւ անցնել Հայաստանի սահմանը։ Լինելով համեստ և իր անձն անյայտութեան մէջ պահող՝ նրա անունը սակայն արդէն յայտնի էր դարձել իր ընկերների շնորհով։ Գործի մէջ նա միշտ շրջահայեաց, զգոյշ էր. երբէք չէր ընկնիլ րոպէական գրգռման տակ, թէկուզ ամենագրգռիչ հանգամանքներում և հէնց իր այդ յատկութիւնն էր պատճառը, որ ամեն տեղ նա գործում էր աչալուրջ կերպով, աւելին չէր ասում ու անում եւ պակասն էլ միշտ աշխատում էր լրացնել։ Յայտնի է, որ նա իր հանդարտ ու արթուն դատողութիւնը չը կորցրեց մինչեւ իսկ Սասունի պատերազմների ամենատաք միջոցին, թշնամու գնդակների տակ։ Այն ժամանակ, երբ Սասունցիներն Անտօք լեռան վրայ յուսահատութեան մէջ մտածեցին, թե թշնամու կողմից առաջարկված հաշտութիւնն անկեղծ է Պօյաճեանը մի րոպէ չը շփոթվելով իրանց կրիտիկական վիճակից, ուտեստի և ռազմամթերքի պաշարի հատնելուց. Սասունցիներին խորհուրդ է տալիս չիջնել թշնամու բանակը, ուր նրանք վերջը պէտք է խողխողվէին չարաչար, և ինքն ամրանալու դիրքերը որոշելով պաշար և օգնութիւն հասցնելու համար մի փոքրիկ խմբով անցնում է Տալւորիկի կողմերը, ուր կռիւը նոյնքան տաք էր, որքան Անտօքի վրայ։ Նա բռնվեց հենց այդ օրերը մի քարայրում, որտեղից երեք օր նա իր խմբով շարունակ պատերազմում էր թշնամու դեմ, մինչև որ սպառվեց(՞) իրանց ուտելիքներն ու վառօթը և ձերբակալվեցան։ Դա տեղի ունեցաւ օգոստոս ամսի վերջերը։

          Ժողովրդի մէջ նա ապրում էր իբրեւ մի պարզ գյուղացի. նրանց պէս հագնվում, նրանց կերածն ուտում, նրանց հետ Սասունում ամբողջ մի տարի կրում սովի, ցրտի եւ ամեն թշուառութիւնների տանջանքները։ Իր ձերբակալութիւնից մէկ-երկու ամիս առաջ նա մեզ գրում էր Սասունի նիւթական վիճակի մասին հետեւեալը,- «Հացի խնդիրն անտանելի է։ (՞) կլկլի և կորեկի հաց է, ատկէ ալ շատերը (՞) (՞) (՞) հաց դեղի համար միայն կարելի է (՞) (՞) ալիւրէ հաց տայ վերջին աստիճան մեծ (՞) (՞)» Եւ այդ բոլորը նա տանում էր ո՛չ միայն անտրտունջ կերպով, այլ և իրանից զրկում և տալիս էր գիւղացուն. Սասունցիին։ Նա ո՛չ միայն ընկեր էր ժողովրդին, նա նրան եղբայր էր և իր կենաց հանգամանքներով ու վիճակով չէր ուզում ո՛չ մի տարբերութիւն ունենալ Սասունցիից։ Նա պարզ էր նրանց հետ, հակառակ ամեն մեծախօսութեան և իրան (՞)հմանած էր աւելի մեծ ֆիզիքական տքնութիւն քան ունէր Սասունցին։ Հայկական յեզափոխութեան ամենաականուոր անձերից մէկն է նա։

           Այժմ նա երեսուն և հինգ տարեկան է։

           Նա ձերբակալվեցաւ թշնամու դէմ հերոսաբար կռւած միջոցին։ Կառավարութեան ձեռքն ընկած՝ (՞) նա անփոխարինելի կորուստ է ժողովրդային դատի համար եւ մասնաւորապէս Հնչակեան կուսակցութեան անդամների մեջ, նրա ընկերների, համար։ Ողբալով մեր անգին (՞)ընկերների մեծ կորուստը մենք սակայն մխիթարվում ենք այն գիտակցութեամբ, որ նրա արած գործերը նոյնքան մեծ են և ահռւելի-անմա՛հ են։

 

 

  •     «Հնչակ» ,  Համար Սասունի, Ութերորդ տարի N1,   15 Յունվար 1895

 

 

 

(՞) – անընթեռնելի կամ մասամբ ընթեռնելի բառեր