Երկար ժամանակ այն կարծիքն էր տիում, որ մարդկային թշուառութիւնների պատճառն ինքը մարդն է, նրա չար կամքն է, մի պատմական թիւրամացութիւնն է մարդկանց մէջ։ Ենթադրվում էր, որ մարդկային կամքն ընդունակ է և կարող է հասարակային յայտնի պայմանաւորութեամբ մարդկանց մէջ՝ վերակազմել մարդկութեան հանրակացութիւնը, վերացնել հասարակութեան զանազան խաւերի մէջ դէպի իրար ունեցած թշնամութիւններն ու հակառակութիւնները և հաստատել կեանքի մէջ ոսկե դար՝ անվերջ վայելքներով, համերաշխ յարաբերութիւններով։ Քիչ աւելի հեռու գնալով՝ այդ հայեցողութիւնը սկսաւ մեղադրել զանազան ամհատներին, իշխող, կառավարող անհատներին ու քաղաքական մարմիններին, դրանց չար կամքը համարելով առաջին ու վերջին պատճառն ամեն թշուառութիւնների և առաջին ու վերջին արգելք ամեն առաջադիմութեան ու բարօրութեան։ Այդ հայեացքներն, ի հարկե, չափազանց վերացական էին, որ չէին հիմնվում ոչ մի գիտական հետազօտութեան վրայ մարդկութեան հասարակական յարաբերութիւնների շրջանում։ Մինչեւ մեր օրերն իսկ տակաւին շատ-շատերն ունեն այդպիսի կարծիք և անիշխանական կոչված հայեացքների մի մեծ մասը նոյն այդ ոգին է կրում։ Բայց գիտութեան զարգացումով՝ մարդկային խելքը սկսաւ հարց տալ, թէ որո՞նք են թշուառութիւնների հասարակային կենսական պատճառները, որո՞նք են հասարակութեան զանազան խաւերի դեպի միմեանց ունեցած հակառակութիւնների շարժառիթները եւ արդեօք մարդկային կամքը մինչեւ ո՞ր աստիճան կարող է հասարակական, կենսական տիրող պայմաններից անկախ լինել եւ անկախ գործել։ Գիտական մտքի հետազօտութեան շարունակութիւնըն առաջացնում էր դարձեալ նորանոր հարցեր--թէ մարդկային թշուառութիւնների, կենսական անվերջ կռիւների հիմնական պատճառները չե՞ն գտնվում արդեօք մարդկութեան զուտ նիւթական (MATERIEL) յարաբերութիւնների մէջ, ապրելու, ուտելու, արդիւնաբերելու, աշխատելու եղանակների ու ձեւերի մէջ թէ արդեօք այդ յարաբերութիւնները չե՞ն, որ կեանքի, գոյութեան հիմնական ու գլխաւոր պայմաններն են և որ գծում են առհասարակ հասարակութեան ու մասնաւորապես նրա զանազան խաւերի պատմական ուղին, գործերը և պատճառում դրանց, այդ խաւերի, հակառակութիւններն ու կռիւները և թէ արդեօք մարդըն, անհատն իր ընթացքով ու հոգեկանով ենթարկված չէ՞ թէ՛ բնութեան, կլիմայի ազդեցութեան և թէ գոյութեան այդ վերոյիշած արուեստական պայմանների։

               Դնել այդպիսի հարցեր նշանակում էր հետազօտել նրանց հիմնական կերպով, և գիտութեան զարգացման աստիճանն արդէն թոյլ էր տալիս որոշապէս պատասխանել այդ հարցերին։ Դարուս մէջ, մանաւանդ երկրորդ կեսում, արած գիտական հետազօտութիւններն կատարելապէս ապացուցանում են, որ մարդկային հասարակութեան ամենանախնական, սկզբնական կեանքի տնտեսական պայմանները համայնական, հաւաքական են եղել։ Երկիրը, դաշտերը չէին պատկանում անհատներին, ինչպէս յետոյ եղաւ և այժմ է, այլ ընդհանուր սեփականութիւն էին ամբողջ հասարակութեան, համայնքին կամ ցեղին։ Արօտատեղիները, անտառները նոյնպէս պատկանում էին ամենքին միաժամանակ, ինչպէս դեռ այժմ էլ շատ երկրներում, մի դրութիւն, որ մնացել է այդ հին ժամանակներից։ Վարելի հողերն էլ կրկին ընդհանուրի սեփականութիւն էին, այդ հողերը փոփոխակի կերպով յայտնի տարի ժամանակամիջոցով բաժանվում էին գերդաստանների մէջ՝ համաձայն իւրաքանրիւրի ոյժերին ու պետքերին։ Այդպիսի տնտեսական պայմանների դրութեամբ ամենքն աշխատաւոր էին, ամեն-մեկն աշխատում էր իրան համար և ապրում էին կատարեալ համերաշխութեան ու հաւասարութեան մէջ, միմեանց օգնելով, ոչինչ պահանջ չունենալով միմեանցից։ Տնտեսական համայնական պայմանները նրանց մէջ ստեղծել էին մէկ այնպիսի հասարակական վիճակ, որ ընդհանուրի բարօրութիւնն ապահովված էր։ Մասնաւոր սեփականատիրութիւնը դրանից յետոյ ամեն տեղ ստեղծեց այնպիսի ախտեր, ինչպէս գողութիւնը, աւազակութիւնը, կեղծաւորութիւնը, խաբեբայութիւնը և այլն, որոնք բոլորովին անծանօթ էին համայնական կարգերին։ Համայնական սեփականատիրութեան ժամանակ նախնական դարերում օրէնքների փոխանակ թագաւորում էին սովորութիւններն, աւանդութիւնները, որոնք չէին կարող այլ կերպ լինել, եթէ ո՛չ այնպէս, ինչպէս պահանջում էր տնտեսական համայնական պայմանների ոգին, այն է՝ համերաշխութեան, հաւասարութեան վրայ հիմնված։ Համայնական սեփականատիրութեան միջոցին մարդկանց բարոյականն առհասարակ թեքված էր դէպի առաքինութիւն, և նրանց թերութիւնները, որոնք սակայն երբեք այնպես խոշոր ու ապականված չէին, ինչպէս այժմ են, միշտ ենթարկվում էին ընդհանրութեան անհաւանութեան և պախարակման։ Համայնական սեփականատիրութեան ժամանակ գոյութեան համար մղված պատերազմը բնութեան դէմ կատարվում էր ընդհանուրի կողմից միահամուռ կերպով։ Այդօրինակ համայնական կարգեր տակաւին մինչեւ օրս էլ գօյութիւն ունեն, մնալով հին ժամանակներից, Ամերիկայի, Ասիայի և մինչեւ իսկ Ռուսաստանի մի քանի տեղերը։ Դրանք կենդանի ապացոյցներ ու արձաններ են մարդկութեան նախնական համայնական կարգերի և գիտնականին միջոց են տալիս իրական կերպով ու փաստերով քննել ու հետազօտել տեղն ու տեղը, թէ ինչ տեսակ հանրակացութիւն են ունեցել մեր վաղեմի նախնիքները և թէ այնուհետեւ ինչ եղանակով և ինչ տեսակ կերպարանափոխութիւններ է կրել նա։

               Բայց այդ հաւաքական, համայնական սեփականատիրութեան կերպերն ունէին հիմնական պակասութիւններ, եւ այլ կերպ չէր կարող լինել, քանի որ աշխատանքի միջոցներն ու գործիքներն նախնական, անկատար էին։ Այդ հիմնական պակասութիւններից գլխաւորը կայանում էր նրանում, որ հենց աշխատանքի գործիքների ու միջոցների անկատարութիւնը գրաւում էր իւրաքանչուրի ամբողջ ժամանակն աշխատութեան գործողութեան վրայ, և այդպիսով միայն կարողանում էր իւրաքանչիուրը մի կերպ լրացնել իր պետքերը, այն էլ անբաւական չափով։ Եւ աշխատանքի վրայ իւրաքանչիւրի ամբողջ ժամանակի այդ գործադրութեան պատճառով հասարակութիւնն անխուսափելի կերպով պէտք է բաժանվէր այլ և այլ խաւերի, այլ և այլ դասակարգերի վրայ և այդ բաժանման պատճառով հաւաքական կարգերը պետք է սկսէին քայքայվել զանազան դասակարգերի երեւան գալովը սկսում է առաջ գալ մինչեւ այն ժամանակ չեղած մէկ ուրիշ երեւոյթ, այն է՝ արդիւնքների փոխանակութիւնը, փոխանակութիւնը սկսելով գոյութիւն ունենալ, կամաց-կամաց կերպարափօխվում է աշխատանքի նախկին եղանակը, այն, որ տեղի ունէր հաւքական համայնական կարգերում։ Նախ երեւան է դալիս անձնական աշխատանքի սկզբունքը, որ իր ետեւից առաջացնում է մի Հիմնական պայման – անձնական աշխատանքի գործիքները սկսում են պատկանել միեւնոյն անձին։ Այդպիսով աշխատանքի գօրծիքներն իւրացվում են։ Այդտեղից առաջին անգամ սկսում է գոյուոիւն ունենալ մասնաւոր սեփականատիրութիւնը։ Բայց այդ մասնաւոր սեփականատիրութիւնն ունենում է մի յատկանիշ, որ մինչեւ այժմ էլ դեռ եւս գոյութիւն ունի նահապետական երկրներում, գեղջկական ու արհեստաւորական աշխատանքի արդյիւնքն առաջնապէս յատկացվում է իրան աշխատաւորի անձնական գործածութեան համար, գործածութիւն, որ յայտնվում էր աշխատանքի նպատակը։ Նախնական հաւաքական կարգերի անկատարութեան ու թերութիւնների շնորհով, այդ կարգերը սկսած լինելով քայքայվել և առաջ բերելով վերոյիշյած անձնական աշխատանքը, որի արտաբերած արդիւնքներն այլ եւս դառնում են մասնաւոր սեփականութիւն միեւնոյն անձի, մի կողմից և հենց այդ պատճառով՝ միւս կողմից՝ երեւան գալով արդիւնքների փոխանակութեան եղանակը—դրանցից պէտք է առաջանար, ժամանակի ընթացքում մրցում, կռիւ նախ անհատների և ապա ամբողջ դասակարգերի մէջ իրար դէմ։ Այդ կռւում, ի հարկե, սկսում է տեղի ունենալ բիրտ ոյժը, բռնութիւնը, խաբեբայութիւնը, եւ հասարակութեան մի մասն աջողում է գրաւել մեկ առանձնաշնորհված դիրք, միւս մասին գործադրել տալով նաև այն բաժին աշխատանքը, որ իրան էր ընկնում առաջ, և ինքն ապրելով ուրիշի այդ աշխատանքով, ձեռքըն առած գործերի կառավարութիւնը։ Եւ այդպէս տնտեսական նախնական համայնական, հաւաքական կարգերի քայքայման հետ միատեղ սկսում է տեղի ունենալ դասակարգերի կռիւը միմեանց մէջ, որ տեւում է մինչեւ օրս և որ ներկայումս ստացել է աւելի կատաղի ու անհաշտ կերպարանք, քան երբ եւ է անցեալում։

               Արդիւնաբերութեան միջոցների առաւել կատարելագործութեամբ և աշխատանքի բաժանման շնորհով, ըստ որում աւելի զօրաւոր դասակարգերը դարձել էին մեծ սեփականատէրեր, առաջացաւ գերութիւնը։ Իր ժամանակին գերութիւնն ինչպէս ինքնըստինքեան մեկ անխուսափելի, ճակատագրական հետեւանք էր սեփականատիրութեան կերպերի և աշխատանքի բաժանման, նոյնպէս նա նաեւ անհրաժեշտ ու օգտակար դեր կատարեց մարդկութեան առաջադիմութեան համար։ Գերութեան ժամանակները հասարակութեան մեկ առաւել կամ պակաս մեծամասնութիւնը հարկադրված էր կատարել արդիւնաբերական ու հողային աշխատութիւնները, իսկ հասարակութեան միւս մասը սեփականատէր էր և իր ձեռքն էր գցել երկրի կառավարութեան ղեկը։ Այդ պայմանը հասարակութեան այս վերջին մասին տալիս էր շատ ազատ ժամանակ, որ նա գործադրում էր գիտութեան ու արուեստների աշխատութեան ու մշակման վրայ, որով եւս իր կողմից հանդիսանում էր անհրաժեշտ նպաստող ու ֆակտօր առաջադիմութեան։ Այդ միջոցին հասարակութեան առանձնաշնորհված մասը տակաւին կատարում եր իր պատմական օգտակար դերը։

               Երբ համայնական դրութեան արտաբերութեան միջոցները հասան այն աստիճան զարգացման, որ իւրաքանչիւրը կարող էր այլ եւս արդիւնաբերել աւելի, քան իր անձնական պէտքն էր, անպատճառ պէտք է կազմվեր մեկ այնպիսի դասակարգ, որ ինքը դադարելով աշխատանք գործադրելուց կարող էր օգտվել ու ապրել աշխատաւոր դասակարգի արտաբերած արդիւնքներով։ Նոյնպէս եղաւ նաեւ գերութեան հետ։ Ապա գերութիւնը սկսաւ կամաց-կամաց վերանալ այն ժամանակից, երբ միւս կողմից սկսել էին առաջ գալ աշխատանքի ուրիշ եղանակներ, որոնք աւելի համապատասխան էին հասարակութեան նիւթական պահանջներին։ Ժամանակի ընթացքում  նա վերացաւ բոլորովին, տեղի տալով տնտեսական մի նոր միջավայրի և շրջանի, ուր ճորտութիւնը, աւատական դրութիւնը, եղաւ կարգն ու կանոնը, ունենալով աշխատանքի իրան յատուկ կերպն ու եղանակը։ Ճորտութեան ժամանակը իշխող, տիրապետող դասակարգն էր աւատական ազնւականութիւնը, որ ինչպէս գերութեան միջոցին իշխող զինորական, ազնուական ու հոգեւորական դասակարգերը, իր ժամանակին ունէր իր պատմական օգտակարութիւնը, Նա զինւորական ու կրթված դասակարգ էր կազմում, որ պաշտպանում էր գիւղացի-սեփականատէրին բազմաթիւ արտաքին թշնամիներից յայտնի բաժին և փոխարենը ստանում էր նրա արտադրաք արդյունքներից յայտնի քանակութիւն աշխատանք։ Որպէս գերութեան ժամանակի ազնւական ու հոգեւորական իշխող դասակարգը, նոյնպէս աւատական ազնւականութիւնն իր սկզբնաուրութեան ժամանակ կատարելով այդ օգտակար դերերը, կառավարում էր նաև երկիրը, հասարակաց գործերը, աշխատանքը։ Բայց արդիւնաբերութեան միջոցների զարգացումով և դրա հիման վրայ հասարակական դրութեան կերպարանափոխութեամբ՝ այդ առանձնաշնորհված դասակարգերը կորցնում են իրանց օգտակարութիւնը, դառնում են վնասակար, քանի որ այդ հասարակական կերպարանափոխութիւնն այլ եւս աւելորդ է դարձնում նրանց գոյութիւնը։ Տնտեսական յարաբերութիւնների նոր կերպերն այլ եւս անխուսափելի, ճակատագրական են դարձնում՝ այդ դասակարգերի վերացումը, որոնք մանաւանդ այդ միջոցին, որպէս և առաջ առհասարակ, օգտվելով իրանց առանձնաշնորհված դիրքով և իրանց ունեցած գիտութեամբ ու զինւորական-քաղաքական զօրութեամբ, գործ են դնում աշխատաւոր բազմութեան վրայ ամեն տեսակ բռնութիւն, ճնշում, կամայականութիւն եւ այլն, իրանք էլ արդեն ծուլութիւնից ու անգործութիւնից վարակված լինելով ամեն տեսակ մոլութիւններով։

Աւատական դրութեան յաջորդում է ներկայ հասարակական կազմակերպութիւնը, որ արդիւնք է արտաբերութեան այժմեան, կապիտալական, կերպերի ու եղանակների և որը, նախկին գերութիւնից, միջնադարեան ճորտութիւնից յետոյ առաջացրել է մի նոր ստկական վիճակ , այն է՝ վարձւորութիւնը (SALARIAT)։ Այդ բուրժուազական հասարակական կազմակերպութիւնը և հնադարեան ու աւատական ազնւականների պէս չարդիւնաբերող, միայն վայելող ուրիշի աշխատանքը և սեփականատէր բուրժուա դասակարգն էլ վերանալու վրայ է այսօր, կատարած ու աւարտած լինելով իր պատմական օգտակար դերը եւ այժմ հանդիսանալով միայն վնասակար աշխատւոր ընդհանրութեան և արգելք մարդկութեան յետագայ առաջադիմութեան։

Մեր ներկայ գրութեան III–րդ գլուխը նուիրված կը լինի այ նիւթին։

 

-         «Հնչակ», Եօթերորդ Տարի N 5., 10 Ապրիլ (Հ. 8.) 1894