Ավարտելով սույն աշխատությունը, կամենում եմ իբրև ամփոփում շատ համառոտ պատմական էքսկուրս կատարելով պատասխանել հետևյալ հարցերին։ Առաջին. Ո՞րն էր 1921 թ. փետրվարյան խռովության նպատակը։ Երկրորդ. Ի՞նչ հետևանքներ է ունեցել փետրվարյան խռովությունը։ Երրորդ. Որո՞նք են փետրվարյան խռովության դասերը։ Նախ, անհրաժեշտ է պարզել, թե ովքեր էին շահագրգռված Հայաստանի անկախությամբ և դա ինչ էր տալիս նրանց։ Այս հարցը պարզաբանելու անհրաժեշտությունը կարևոր է, որովհետև ճշմարտությունից խուսափող դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները բոլոր միջոցներով ձգտում են կոծկել իրական փաստերը, դաշնակցությանը վերագրելով Հայաստանի անկախությունը կերտելու «մեծագույն ծառայությունը»։ Մինչդեռ իրական փաստերը վկայում են հետևյալը. ԱՌԱՋԻՆ. Դեռևս 1918 թ. մարտին Տրապիզոնի բանակցությունների ժամանակ վրացի մենշևիկներից, ադրբեջանցի մուսավաթականներից և հայ դաշնակցականներից կազմված Անդրկովկասի միացյալ պատվիրակությունից երիտթուրքական կառավարությունը պահանջել էր հռչակել Անդրկովկասի անկախությունը, որը նշանակում էր անջատվել Ռուսաստանից։ Թուրքական պատվիրակության պահանջով բանակցություններն ընդհատվել են այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել Անդրկովկասի անկախությունը Անդրկովկասի կառավարող ուժերը՝ վրացի մենշևիկները, ադրբեջանցի մուսավաթականները և հայ դաշնակցականները կատարել են երիտթուրքերի պահանջը և հռչակել են Անդրկովկասի անկախությունը։ Դրանից հետո երիտթուրքական կառավարությունը Բաթումում սկսված բանակցությունների ժամանակ ներկայացրել է վերջնագիր՝ հռչակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը, որից հետո առանձին բանակցություններ սկսել իրենց անկախությունը հռչակած հանրապետությունների հետ։ Թուրքական բանակի կրած պարտությունը հարկադրել է երիտթուրքական կառավարությանն արագացնել հաշտության կնքումը, քանի որ Սարդարապատի ու Ապարանի ճակատամարտերում տարած հաղթանակի արդյունքով իրավիճակը խառնել էր զավթիչների ծրագրերը։ Ահա, այսպիսի պայմաններում պարտվող կողմը հաղթող կողմի պատվիրակությանը ներկայացրել է վերջնագիր պատասխանել մինչև 1918 թ. մայիսի 28-ը։ 1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը, որտեղ գերիշխող դեր ուներ դաշնակցությունը. հայտարարել է երիտթուրքական կառավարության պահանջի համաձայն անկախություն, կազմել է կառավարություն և Բաթումում վերսկսել է բանակցությունները։ Այսպիսով, երիտթուրքական կառավարության պահանջով Հայաստանի անկախության հռչակումը նշանակում էր Հայաստանի անջատում Ռուսաստանից։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից անտեղյակ Ա. Ահարոնյանն ու Ն. Աղբալյանը Թիֆլիսից Երևանում գտնվող Արամ Մանուկյանին ուղարկած նամակում գրել են. «Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թէ որքան են հավաստի նրա տված տեղեկութիւնները, համենայն դէպս, մեր թեկուզ եւ փոքր ու թշուառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացութեանը։ Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի եւ Ադրբեջանի, հայերի համար ապահովելով միայն ֆիզիկական գոյութիւն։ Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրութիւնը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը» (ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 562, թ. 11)։ Վերոհիշյալ նամակը հնարավորություն է տալիս հանգել հետևյալ եզրակացության. 1. Հայաստանի ու նրա ժողովրդի անունից խոսելու իրավունք ստանձնած դաշնակցության գործիչները բոլորովին անտեղյակ են եղել Հայկական բանակի հաղթանակներից և դրա մասին իմացել են թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշայից։ 2. Այո, ճիշտ է, Հայկական բանակն անձնուրաց է կռվել հայրենիքի ազատագրության համար։ Բայց ո՞վ էր նրանց իրավունք տվել այդ բանակի թիկունքում կնքել այնպիսի հաշտություն, որով տարած հաղթանակը ոչնչի է հավասարեցվել։ 3. Եթե Հայկական բանակի դիմադրությունը հարկադրել է երիտթուրքական կառավարությանը ճանաչել Հայաստանը, ապա ի՞նչ իրավունքով է ստորագրվել մի պայմանագիր, որով հաղթանակած բանակը հեռացել է ազատագրած տարածքներից։ Երիտթուրքական իշխանությունը «անկախ Հայաստան» է ստեղծել իր սեփական շահերից ելնելով, իր հետագա նպատակների համար։ Ս. Վրացյանը գրել է. «Անկախութեան յայտարարութիւնը, սակայն եղաւ…մայիսի 30-ին, աւելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգային խորհրդի յոժար կամքով «Այսպիսով,- շարունակել է Վրացյանը,-Հայաստանի անկախութեան օրը, իսկապէս, պէտք է համարուէր մայիսի 30-ը։ Հակառակ դրան, համարւում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտութեան պատւիրակութիւն ուղարկել Բաթում։ Անուղղակի կերպով, այդ օրն էլ կարող է համարուել անկախութեան սկզբնաւորութիւն, որովհետեւ թուրքերը հաշտութեան բանակցութիւններ վարելու համար նախապայման էին դրել անկախութեան յայտարարութիւնը» (Ս. Վրացեան, Հայաստանի հանրապետութիւն, էջ 130)։ Իսկ բանակցությունների եռանդուն մասնակից Ա. Խատիսյանը, լրացնելով Վրացյանին, գրել է. «Մեզի իրապէս ուրիշ ելք չէր մնար, բայց եթէ մեր կողմէ եւս յայտարարել Հայաստանի անկախութիւնը։ Բախտորոշ դեր կատարեց այդ վերջնագիրը, զոր մենք ստացանք նոյն գիշերն իսկ թուրքերու կողմէ; Երեք օր ժամանակ կուտար վերջնագիրը ընդունելու այն դաժան պայմանները, զոր թրքական պատւիրակութիւնը ներկայացուցած էր Պաթումի խորհրդաժողովի առաջին նիստին իսկ, փակ ծրարով» (Ա. Խատիսեան, նույն տեղը, էջ 72–73)։ Այնուհետև, Խատիսյանը, հենվելով Թալեաթ փաշայի տեսակետի վրա, վկայել է, որ «Թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը, ելնելով իրենց նպատակներից»։ Իսկ Էնվեր փաշան էլ, իր հերթին, ավելի պարզորոշ է արտահայտել իր վերաբերմունքը, Խատիսյանին ասելով հետևյալը. «Ես լուծեցի շատ դժուարին խնդիր մը, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տուի հայերու ազգային պահանջներուն, բայց այդ ըրի այնպիսի ձեւով մը, որ չզոհեցի թրքական հողերէն ոչ մէկ թիզ իսկ» (Ա. Խատիսեան, նույն տեղը)։ Ի՞նչն է դրդել երիտթուրքերին ստեղծել «փոքրիկ Հայաստան» և ինչո՞վ էին ղեկավարվում նրանք։ Նորից կարիք կա դիմել Խատիսյանին, որը նշել է հետևյալ երեք կետերը։ «Ա) Անոնք կերազէին ունենալ Կովկասի մէջ իրենց ազդեցութեան, եւ եթէ հնարաւոր է, իրենց հովանաւորութեան տակ չորս հանրապետութիւններ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Հիւս. Կովկաս), միացած դաշնակցային կապերով, որով Թուրքիա բաժնւած պիտի ըլլար ամէնէն սարսափելի թշնամիէն` Ռուսիայէն։ Բ) Թուրքերը հաշւի կառնեն հայկական հարցին միջազգային բնույթը եւ փոքրիկ Հայաստան մը ստեղծելով` կուզէին որոշ գոհացում մը տալ աշխարհի հանրային կարծիքին։ Գ) Թուրքերը կուզէին ունենալ, յանձին Հայաստանի, հողամաս մը, ուր կարողանային հաւաքել հայերու մնացորդները Թուրքիոյ սահմաններէն» (Ա. Խատիսեան, նույն տեղը)։ Այսպիսով, «փոքրիկ Հայաստան» ստեղծելով, Հայաստանի «անկախությունը» հռչակելով երիտթուրքերը ստեղծել են մի որոգայթ, որի իմաստը չեն հասկացել, ավելի ճիշտ, շատ ուշացած են հասկացել Լեոյի գնահատմամբ «քաղաքական-դիվանագետ երեխաները», անուղղելի վնաս հասցնելով Հայկական հարցի լուծմանը։ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով ստեղծվել է «փոքրիկ Հայաստան» մոտ 9 հազար քառ կմ-ի վրա։ Կա՞ր հնարավորություն ավելի մեծ տարածք ունենալու համար։ Իհարկե, կար։ Այդ հնարավորությունը պայմանավորված էր Կովկասյան ռազմաճակատում եղած և համարյա ամբողջ Արևմտյան Հայաստանը գրաված ռուսական բանակի ներկայությամբ։ Նախ, հարկավոր էր, որպեսզի Հայոց ազգային խորհուրդը ղեկավարող դաշնակցությունը համագործակցեր Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհրդի Կովկասի գործերով արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի հետ։ Այնուհետև, Շահումյանի հետ համատեղ ջանքերով ռազմաճակատում հնարավոր էր պահել ռուսական զորքը։ Դրանով պայմաններ էին ստեղծվում իրականցնել «Թուրքահայաստանի մասին» Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհրդի դեկրետը, որով հռչակվում էր Արևմտյան Հայաստանի անկախությունը։ Այն հանգամանքը, որ այդ դեկրետը կազմվել էր Ստալինի ղեկավարած հանձնաժողովի անդամներ կմունիստ Վահան Տերյանի, դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմ Զորյանի, ձախ էսէռ Պռոշ Պռոշյանի և մյուսների մասնակցությամբ, շատ բանի մասին է վկայում։ Շահումյանի հետ համագործակցելու փոխարեն դաշնակցությունը միացել է վրացի մենշևիկներին ու ադրբեջանցի մուսավաթականներին և ձախողել են դեկրետի իրագործումը։ Ավելին Վրացյանը Թուրքահայաստանի անկախությունը հռչակող դեկրետը համարել է «անհեթեթութիուն», իսկ Ահարոնյանն էլ Չիչերինին ուղղված բաց նամակում դեկրետը համարել է «թյուրիմացություն»։ Այսպիսին է ճշմարտությունը։ Բայց դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները, մոռացության տալով ճշմարտությունը, շարունակաբար կրկնում են «Դրոշակի» 1926 թ. «Բացառիկ» համարի հետևյալ ձևակերպումը. «Բայց եւ այնպէս, ապագայ հայ պատմագիրը հիացած է մնալու դաշնակցութեան անձնուիրութեան, վառ հայրենասիրութեան, հայ ժողովրդի իտէալը մարմնացնող այն դյուցազներու վրայ, որոնք կամք են ունեցել հայութեան զոհասեղանին դնելու իրենց ողջ կեանքը, եւ որոնք պարզելով «մահ կամ ազատութիւն» հարիւր հազարաւոր զոհերու արեան գնով 1918 թ. մայիսի 28-ին իրականացրին մասամբ հայ աշխատաւոր ժողովուրդի փայփայած գաղափարները, Հայաստանի անակախութիւնը։ Հայ ժողովրդի դարաւոր ստրկութեան մէջ կազմուած նկարագիրն ազնուացնող դաշնակցութիւնը 1918 թուի ակտով եկաւ ցուցադրելու հայ կեանքի մէջ գերմարդկային ըմբոստացումներու և գիտակցութեան յաղթանակը»։ Այս կեղծ հերոսապատումը ստեղծվել է գործից ու իրական պատմությունից անտեղյալ մարդկանց գիտակցությունը մթագնելու համար 2. Ի՞նչ տեղ է զբաղեցրել Հայաստանի անկախության գաղափարը «հայ ժողովրդի դարաւոր ստրկութեան մէջ կազմուած նկարագիրն ազնուացնող» դաշնակցության գործունեության մեջ, սկսած իր գոյության սկզբից։ Այս հարցը շատ կարևոր է, նկատի ունենալով, որ մեր օրերում էլ դաշնակցության ղեկավարներն ու գաղափարախոսները քարոզում են, թե դաշնակցությունն է Հայաստանի անկախության կերտողը։ Սակայն, պետք է ասել, որ այդպիսի պնդումը շատ հեռու է իրականությունից, որովհետև իր գոյության սկզբից մինչև 1917– 1918 թթ. այդ կուսակցությունն իր ծրագրում երբեք չի դրել ոչ Արևմտյան Հայաստանի անկախությունը Թուրքիայից և ոչ էլ Արևելյան Հայաստանի անկախությունը Ռուսաստանից։ 1907 թ. դաշնակցության Ժնևի 4-րդ համագումարում ընդունված որոշմամբ հռչակվել է. «Միեւնոյն ատեն, թուրքերու մէջ տարածուած անհիմն թիւրիմացութիւներուն վերջ տալու համար, ժողովը պարտք կը համարէ յայտարարել, որ դաշնակցութիւնը Թուրիոյ մէջ ունեցած չէ եւ չունի անջատողական ոչ մէկ ձգտում» (Դաշնակ. Կուակցութ. 4-րդ համագումարում հաստատ, ծրագիր, Թիֆլիս, 1907, էջ 21)։ Սա նշանակում է, որ դաշնակցությունը չի հետապնդել Արևմտյան Հայաստանի անկախության նպատակը և հանդես է եկել «Օսմանեան նուիրական հայրենիքը անջատումէ եւ բաժանումէ զերծ պահելու» համար …և «Պիտի աշխատին գործնականապէս ցրել հանրային կարծիքին մէջ բռնակալ ռեժիմէն ժառանգ մնացած այն սուտ զրոյցները, թէ հայերը անկախութեան կը ձգտեն» («Հայրենիք» (Կ. Պոլիս), 1/14, սեպտեմբեր, 1909 թ.)։ Ասվածը հիմնավորել են դաշնակցության երևելի գաղափարախոսներ Ռուբեն Դարբինյանն ու Ռուբեն Տեր-Մինասյանը։ Ռուբեն Դարբինյանը գրել է. «Միայն 1918 թ. է, որ Հայաստանի անկախութիւնն առաջին անգամ որոշապէս կը շեշտուի հայ ազգի գիտակցութեան մէջ, նախ, իբրեւ գահաւեժ դեպքերի բերումով ստեղծուած փաստ եւ ապա՝ 1919 թ. իբրեւ յստակօրեն ձեւակերպուած քաղաքական պահանջ Հայկական հանրապետութիւնը ստեղծող կուսակցութեան՝ Հ.Յ. դաշնակցութեան ծրագրին մէջ» (Ռուբէն Դարբինեան, Հայ քաղաքական մտքի դեգերումները, «Հայրենիք», հուլիս, 1923, էջ 121)։ Այսպիսով, Արևմտյան Հայաստանի անկախության գաղափարը չի եղել դաշնակցության ծրագրի մեջ։ Այստեղ տեղին եմ համարում հարցադրման կարգով հիշեցնել, թե 1912 թ. ինչու էր Ռուսաստանի ցարական կառավարության դեմ դաշնակցությունն ուժեղացրել իր պայքարը, որն ավարտվել է դաշնակցության դատավարությամբ։ Ինչպես հայտնի է 1912 թ. վերաբացվել էր Հայկական հարցի արծարծումը, որի ընթացքում Ռուսաստանի կառավարությունը դրել էր հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու պահանջը։ Մի կողմից Թուրքիան իր դաշնակից Գերմանիայի հետ միասին ձգտում էր ամեն կերպ ձախողել բանակցությունները։ Մյուս կողմից էլ Ռուսաստանի դաշնակիցներ Անգլիան ու Ֆրանսիան զանազան միջոցներով խոչընդոտներ էին ստեղծում Ռուսաստանի համար, նպատակ հետապնդելով թուլացնել նրա ազդեցությունը Թուրքիայում և՝ Մերձավոր Արևելքում։ Չնայած այդ ճնշմանը, Ռուսաստանի կառավարությունը համառորեն շարունակում էր բանակցությունների ընթացքում պաշտպանել իր քաղաքականությունը։ Եվ անսպասելի կերպով, հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու համար ծավալված դիվանագիտական պայքարի սրվածության պայմաններում, երբ Կ. Պոլսում հայ առաջադիմական ուժերը Գրիգոր Զոհրապի գլխավորությամբ գործում էին Ռուսաստանին աջակցելու համար, դաշնակցությունը սկսել է եռանդուն պայքար Ռուսաստանի կառավարության դեմ։ Պետք է նշել, որ դաշնակցության նկատմամբ սկսված դատավարությունը որևէ դեր չի խաղացել բարենորոգումների շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վճռականությունը թուլացնելու գործում։ Բայց հարց է առաջանում, թե ինչու հենց այդ ժամանակ երիտթուրքերի հետ սերտ հարաբերություններ հաստատած դաշնակցությունն այդպիսի կարևոր նշանակություն ունեցող պահին ակտիվացրել է իր պայքարը Ռուսաստանի կառավարության դեմ։ Իհարկե, իմ տրամադրության տակ առայժմ չունեմ ասվածը հաստատելու փաստաթուղթ, բայց կատարվածը հարկադրում է այդ մասին մտածել, մանավանդ, նկատի ունենալով Գրիգոր Զոհրապի օրագրային գրառումները դաշնակցության աննպաստ դիրքորոշման մասին։ Սա ի միջի այլոց։ Դաշնակցությունը նույն տեսակետն է ունեցել նաև Արևելյան Հայաստանի անկախության վերաբերյալ։ Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է. «Մինչև 1917 թուականը ոչ մի հայ կուսակցութիւն բնաւ չէ ձգտած Երեւանեան նահանգը բաժանել Ռուսաստանից և նրանից կազմել Հայաստան» (Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. է, էջ 120)։ Կարևոր եմ համարում Ռոստոմ Զորյանի հետևյալ վկայությունը։ 1917 թ. սեպտեմբերի 1-ին նա Մ. Վարանդյանին գրել է. «Ռուսաստանի յեղաշրջումից անմիջապէս յետոյ յայտարարեցինք, որ դաշնակցութիւնը ոչ մի առանձակի, ազգային պահաջ չի դնելու մինչեւ Սահմանադիր ժողովի գումարումը, դժուարութիւններ չը յարուցանելու համար Ժամանակաւոր կառաւարութեան հանդէպ» (Ռոստոմ, Նամականի, Բեյրութ, 1999, էջ 634)։ Կարծում եմ բազմաթիվ փաստերից բերված մի քանի օրինակը բավական է, համոզվելու, որ դաշնակցությունը երբեք չի պայքարել Հայաստանի անկախության համար։ Այդ կուսակցությունը Հայաստանի անկախությունը հռչակել է ոչ թե իր կամքով, այլ երիտթուրքական կառավարության պնդմամբ ու պահանջով։ Բայց դա չի խանգարում դաշնակցության հին ու նոր գաղափարախոսներին մոռացության տալ իրական փաստերը և երիտթուրքերի թելադրանքով անկախության հռչակումը համարում են այդ կուսակցության պատմական ծառայություն և հայ ժողովրդից պահանջում հատուցում։ ԵՐԿՐՈՐԴ. 1920 թ. սեպտեմբերի վերջին Հայաստանի դեմ քեմալական Թուրքիայի ագրեսիայի սկզբին դաշնակցական կառավարության ռազմական մինիստր Ռ. Տեր-Մինասյանը պարծենալով հայտարարել է, թե մի քանի օրվա ընթացքում կհաղթեն թուրքերին, իսկ դաշնակցության «Յառաջ» պաշտոնաթերթն էլ հետևելով Տեր-Մինասյանին, գրել է, թե ինչպես հաղթեցինք բոլշևիկներին, կհաղթենք նաև թուրքերին։ Ինչպես թուրքական ագրեսիայի նախօրյակին, այնպես էլ հետո դաշնակցական կառավարությունը հույսը կապել է Անտանտի պետությունների օգնության հետ և մերժել է Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, ավելի ուժեղացնելով իր հակառուսական քաղաքականությունը։ 1920 թ. նոյեմբերի 20-ին «Յառաջ» պաշտոնաթերթը «Հաշտության խնդիրը եւ մեր օրիենտացիան» խմբագրական հոդվածում ազդարարել է. «Հայաստանը մեծ պետութիւններից իրաւապէս ճանաչւած մի պետութիւն է։ Եւ այդ ճանաչումն է մեր ժողովրդի գերագոյն միջազգային նվաճումը»։ Հետո թերթը հիշեցրել է, որ հայ ժողովուրդը «իր զաւակների միլիոնավոր զոհերով ձեռք է բերել իր անկախությունը, կարող է հաշտւել իր պատմական տերիտորիայի մեծամեծ կրճատումների հետ, կարող է հրաժարւել շատ և շատ բարիքներից, բայց մի բան կայ, որի հետ նա երբեք չպէտք է հաշտւի, որից երբեք նա չպէտք է հրաժարւի։ Եւ այդ բանը Հայաստանի իբրեւ անկախ պետութեան ոչնչացումն է»։ Այնուհետև, «Յառաջը» հռչակել է. «Թող լինի Հայաստանը փոքր, նույնիսկ շատ փոքր, բայց անկախ պետութիւն» (ընդգծումն իմն է – Վ.Պ.)։ Այսպիսի պնդումը նշանակում է, որ դաշնակցության ու իր ղեկավարած կառավարության գերագույն նպատակն է եղել ոչ թե ամբողջ հայ ժողովրդի փրկությունը, այլ դաշնակցության ղեկավարությամբ թեկուզ մի փոքրիկ գավառակի տարածքում «նույնիսկ շատ փոքր, բայց անկախ պետութիւն» ունենալը։ Դաշնակցությանը չի հետաքրքրել «նույնիսկ շատ փոքր, բայց անկախ պետության» սահմաններից դուրս հայտնված հայ ժողովրդի ճակատագիրը։ Այնուհետև, թերթը հիշեցրել է մի շարք եվրոպական պետությունների օրինակը, որոնք տարածքով փոքր են, բայց պահ- պանում են իրենց պետական անկախությունը և շարունակում են զարգանալ։ Բայց «Յառաջի» խմբագրականը ոչինչ չի ասում այն մասին, որ դաշնակցական կառավարությունը տանուլ է տվել պատերազմը թուրք զավթիչներին և դրա հետևանքով կորցրել է իր պատմական տարածքների մեծ մասը։ Խուսափելով այդ մասին հիշելուց, դաշնակցության պաշտոնաթերթը շարադրել է Հայաստանի հանրապետության կառավարումը ստանձնած դաշնակցություն կուսակցության իրական նպատակը։ Ահա այդ հատվածը. «Մեր պետութեան գոյութիւնը, մեծ պետութիւնների տեսակետով, այնչափ իմաստ ու արժէք ունի, որչափ նա բաժանում է Տաճկաստանը Ռուսաստանից։ Այն օրը, երբ Հայաստանը կորցրեց իր անկախութիւնը և դարձաւ փաստորէն խաղալիք Ռուսաստանի ձեռքին, կվերանայ այլևս այն միակ ուժեղ հիմքը, որ ստիպել էր և ստիպում է եւրոպական մեծ պետութիւններին ընդունել Հայաստանի` իբրև պետութեան` գոյութիւնը։ Եթե Հայաստանը կամենում է ապրել` իբրև պետութիւն, ամեն կերպ նա պիտի խուսափէ լինել իր մեծ հիւսիսային հարևանի` Ռուսաստանի խաղալիքը»։ Այնուհետև, «Յառաջը» նշել է, որ՝ եվրոպական տերությունների համար Հայաստանի անկախությունը «միայն իմաստ ու արժէք ունի, որչափ նա բաժանում է Տաճկաստանը Ռուսաստանից»։ «Միւս կողմից,- շարունակել է դաշնակցության պաշտոնաթերթը,- մեր դարաւոր թշնամին, Տաճկաստանը, կարող է ի վերջոյ հաշտւել մեր պետական գոյութեան հետ միայն այն ժամանակ, երբ մենք մի անգամ ընդմիշտ կհրաժարւենք ռուսական օրիենացիայից»։ Այն ժամանակ, երբ քեմալական զորքերը նվաճել էին Հայաստանի մեծ մասը, սպառնում էին զավթել Երևանը, ավերել ու թալանել էին բնակավայրերը, հրի ու սրի էին մատնել բնակչությանը, երկիրը լցված էր փախստականներով, որբերով ու գաղթականներով, «Յառաջ» թերթը իր կուսակցության ու կառավարության հրահանգով զբաղվում էր գուշակությամբ, գրելով հետևյալը. «Ռուսների հետ լինելով չէ, որ հայ ժողովուրդը կարող է ապահովել իր և իր պետութեան գոյութիւնը։ Որովհետև ռուսների տիրապետութիւնն Անդրկովկասում, միջազգային ներկայ պայմանների մէջ, յարատև չի կարող լինել, և նա վաղ թէ ուշ պիտի վերանայ անխուսափելիօրէն, հենց որ լուծւի ռուսական խնդիրը»։ «Հայ ժողովուրդը և Հայաստանը,- շարունակել է թերթը,- չեն կարող կապել իրենց բաղդը մի պետութեան հետ, որը, իր իսկ խոստովանութեամբ, պիտի հեռանայ Անդրկովկասի սահմաններից, եթէ Անգլիան և եւրոպական միւս պետութիւնները կամենան հաշտւել նրա գոյութեան հետ։ Իր փրկութեան համար Հայաստանը ունի միայն մի ճանապարհ` գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարևանի` թուրքի հետ։ Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական գոյութիւնը յարատեւորէն, նա պէտք է ունենայ ոչ թէ ռուսական, այլ թուրքական օրիենտացիա» (ընդգծումն իմն է – Վ.Պ.)։ Կա՞րիք կա ասելու, որ դաշնակցության խոսափող «Յառաջ» թերթի գուշակության հակառակ Արևելյան Հայաստանը, արդեն սովետական դարձած, փրկվել է հենց Ռուսաստանի շնորհիվ և գտնվելով Սովետական Միության կազմում, ձեռք էր բերել մեր հազարամյակների պատմության մեջ չտեսնված այնպիսի հսկայական հաջողություններ արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահութ- 456 ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ յան և կյանքի մյուս ասպարեզներում, առաջ անցնելով աշխարհի շատ ու շատ երկրներից, այդ թվում նաև Թուրքիայից։ Դաշնակցության ու նրա ղեկավարած կառավարության գերագույն նպատակն է եղել ընդունել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը բնաջնջող ու ամբողջ երկիրն ավերող և հիմա էլ Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքները զավթած թուրքական պետության կողմնորոշում և հրաժարվել դեպի Ռուսաստան ունեցած կողմնորոշումից, որի շնորհիվ փրկվել էր հայ ժողովրդի արևելյան հատվածը։ Այնուհետև, «Յառաջ» թերթն ազդարարել է. «Եթէ վերջին համաեւրոպական պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահութեան, ամենայն հաւանականութեամբ նա խուսափած կլինէր կոտորածներից նրա դրութիւնը վրացիներից էլ լաւ կլինէր։ Այս անգամ ընդմիշտ մենք պիտի ըմբռնենք, որ օտարի վրա յենւելով չէ որ մենք կարող ենք իրապէս խաղաղութիւն ձեռք բերել մեր ժողովրդի համար, այլ միմիայն մեր սեփական ոյժերին ապաւինելով պիտի որոշենք մեր բաղդը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ։ Ամեն մի օտար միջամտութիւն, մանաւանդ ռուսների միջամտութիւնը, կարող է միայն վնասակար լինել հայ և թուրք ժողովուրդների յարատև խաղաղացման համար»։ Դաշնակցության խոսափողը խմբագրական հոդվածն ավարտել է հետևյալ եզրակացությամբ. «Բաւական է, ինչքան խաբւեցինք օտարներից։ Դնենք մեր յոյսը միայն մեր ոյժի վրա և խօսենք մեր թշնամու հետ երես առ երես` առանց «բարերար» միջնորդների։ Եւ այն, ինչ որ ձռք կբերենք այդ ճանապարհով, յամենայն դեպս, կլինի աւելի վստահելի, աւելի և աւելի հաստատուն և աւելի յուսատու մի բան, քան այն, ինչ որ մենք կարող ենք ստանալ միջնորդների ջանքերով» («Յառաջ», նոյեմբերի 20, 1920 թ.)։ 1920 թ. նոյեմբեր 23-ին նույն թերթի խմբագրականը հայտնել է. «Վերջին պատերազմը մի այնպիսի մեծ հարւած էր, որ չէր կարող չսթափեցնել, չզգաստացնել մեզ բոլորիս։ Պէտք է , որ գէթ այժմ մենք ունենանք մեր համեստ, շատ համեստ սեփական ուժի և կարողութեան դառն գիտակցութիւնը։ Պէտք է որ վերջապէս հասկանանք, թէ մեր ուժի և կարողութեան չափով միայն մենք կարող ենք քաղաքական նպատակներ ու պահանջներ առաջադրել։ Այլապես մենք ինքներս կնպաստենք մեր կործանման և երբէք չպիտի կարողանանք յարատևորեն հաշտւել մեր հարևան թիւրքերի հետ»։ «Ռեալ քաղաքականութեան գլխավոր սկզբունքն է,- շարունակել է դաշնակցության խոսափողը,- պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է։ Եթէ այդպէս վարւենք, մենք միշտ կշահենք, մեր ոտքի տակից երբեք չենք կորցնի հաստատուն հողը և հաշտութեամբ ընդհանուր լեզու կգտնենք տաճիկների հետ»։ Այնուհետև, նկատի ունենալով Ռուսաստանին «Յառաջը» ազդարարել է. «Աւելի լաւ է սեփական ուժով ունենալ քիչ, քան օտարի օգնութեամբ շատ։ …Մենք պետք է վերջապէս խրատւենք և մի անգամ ընդմիշտ հասկանանք, որ որտեղից էլ գալու լինի օտարի ոյժը, նրա օգնութիւնը, ինչ դրոշակի տակ էլ նա գալու լինի, նա մեզ համար հարազատ ոյժ չէ և միշտ կարող է դաւաճանել մեզ։ …Ու եթէ մենք չմոռանանք այս ճշմարտութիւնները հաշտութեան բանակցութիւնների ժամանակ, մենք ձեռք կբերենք աւելի հաստատուն և աւելի յարատև հաշտութիւն մեր թշնամու հետ, քան եթէ մենք շարունակենք կառչել օտարներին»։ Այնուհետև, նկատի ունենալով հայ ժողովրդի ռուսասիրությունը, «Յառաջը» շարունակել է. «Թշնամին հալածել, կոտորել է մեզ միշտ մեր անուղղելի օտարամոլութեան համար։ Մենք տուժել ենք միշտ, որովհետև մենք միշտ գնացել ենք մեր թշնամու ամենաոխերիմ թշնամիների յետևից, որոնք շարունակ դաւաճանել են մեզ, երբ իրենց շահն է պահանջել, և թողել մեզ դարձեալ մեր փոքր ոյժերով և երես առ երես մեր հարևան և մեզանից ուժեղ թշնամու հետ»։ Այսպես կեղծելով պատմությունը, «Յառաջը» դաշնակցություն կուսակցության ու նրա կառավարության անունից հռչակել է. «Ժամանակն է, որ մենք բոլորս սթափւենք և հիմնովին փոխենք մեր մինչայժմեան քաղաքական ընթացքը։ Ամենից առաջ և ամենից աւելի մենք պէտք է հաշտ լինենք մեր հարևանների հետ։ Ու որքան աւելի ուժեղ են մեզանից մեր հարևանները, այնքան աւելի խաղաղասէր մենք պիտի դառնանք նրանց հանդէպ։ Մենք պէտք է ձգտենք, որ այն հաշտութիւնը, որ կնքւելու է Ալեքսանդրապօլում, լինի սկիզբը պատմական մի նոր դարաշրջանի և նոր հայկական քաղաքականության։ Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծութեամբ և վճռականութեամբ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք անկարելի են դարձրել մինչև այժմ հայ-թուրքական բարեկամութիւնը…։ Հաշտութիւնից դէպի բարեկամութիւն – այս է ահա այն ճանապարհը, որ պիտի բանան մեզ համար Ալեքսանդրապօլի բանակցութիւնները…»։ Ահա, այսպես, դաշնակցությունն ու իր ղեկավարած կառավարությունը, մոռացած ամեն ինչ, միայն իր իշխանությունը պահելու գերնպատակից ելնելով, մոռացած «30 տարիների զոհերի մասին», խոսում է արևմտահայությանը ոչնչացրած, հայկական պատմական տարածքները զավթած Թուրքիայի հետ բարեկամությունը հաստատելու և հայ ժողովրդի արևելյան հատվածին փրկող Ռուսաստանի բարեկամությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ 1920 թ. նոյեմբերի 24-ին հայտնելով Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունների մասին, «Յառաջը» խմբագրական հոդվածում գրել է նաև հետևյալը. «Թող այն մարդիկ, որոնք գիտակցաբար թէ անգիտակցաբար կամենում են անվերապահորէն գցել Հայաստանը և հայ ժողովուրդը դարձեալ ռուսական օրենտացիայի գիրկը, ըմբռնեն վերջապէս, որ մի այդպիսի օրիենտացիայի անխուսափելի արդիւնքը պիտի լինի նախ, Հայաստանի` որպէս անկախ պետութեան վերացումը և երկրորդ, հայ ժողովրդի ֆիզիքական ոչնչացումը, եթէ ոչ այսօր, գէթ վաղը անխուսափելիօրէն»։ Դաշնակցության խոսափողը խմբագրականն ավարտել է հետևյալ կերպ. «Թուրքերը մեր մշտական հարևաններն են։ Այդ պատճառով մենք ամեն կերպ պէտք` ձգտենք ամենից առաջ և ամենից աւելի ապահովել մեր հաշտութիւնը և բարեկամութիւնը մեր դարաւոր թուրք հարևանների հետ, եթէ չենք կամենում դարձեալ ենթարկել մեր ժողովուրդը ժամանակի և յարափոփոխ պայմանների աղետաւոր ազդեցութիւններին…։ Ով հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, նա չպէտք է մղի Հայաստանը դէպի մի ճանապարհ, որ կոտորածների պատճառ դարձաւ և արգելք եղաւ հայ և թուրք ժողովուրդների հաստատուն մերձեցման ու յարատև բարեկամութեան համար»։ Ահա, այսպիսի քաղաքականություն վարող ու գաղափարախոսությամբ ղեկավարվող դաշնակցության կառավարությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ին քեմալական Թուրքիայի հետ կնքել է մի ստորացուցիչ պայմանագիր, որը ոչ թե եղավ «սկիզբը պատմա- 460 ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ կան մի նոր դարաշրջանի և նոր հայկական քաղաքականության», այլ նշանավոր պատմաբան Լեոյի դիպուկ գնահատմամբ մնալու է որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։ Դեկտեմբերի 2-ի պայմանագրով քեմալական Թուրքիան զավթել է Հայաստանի կենսաբեր շրջանները և իր քմհաճույքով Հայաստանին թողել է ընդամենը մոտ 9 հազար քառ. կմ տարածք։ Ահա, այսպիսին է եղել դաշնակցության ու նրա կառավարության հակառուսական քաղաքականության և թուրքական կողմնորոշման արդյունքը։ Չնայած վերոհիշյալ փաստերին, դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները շարունակաբար պնդւմ են, թե դաշնակցությունն ու իր ղեկավարած կառավարությունը տարել են այն գիծը, ըստ որի հայ ժողովրդին պատճառած բազում դժբախտությունների համար իրենք որևէ մեղավորություն չունեն և միայն իրենք կարող են հայ ժողովրդին բերել փրկություն։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում ներկայացնել ընթերցող հանրության մեծ մասին դեռևս անհայտ մնացած Ա. Ահարոնհանի հետևյալ միտքը, որը նա արտահայտել է Լոզանի կոնֆերանսի օրերին։ «Միայն ընդհանուր պատերազմին մասնակցելով եւ անհուն կորուստների ենթարկուելով չէ որ հայ ժողովուրդը իրաւունք ստացած էր ունենալու իր առանձին տեղը ազատ ազգերու ընտանիքին մէջ։ Այս իրաւունքը ան արդէն ստացած էր պատերազմէն շատ առաջ, իր 25 դարերու քաղաքակրութիւնով, իր մշակոյթով, իր արուեստներով, իր ցեղային մտածողութեամբ եւ առաքինութիւննեով։ Ահա թէ ինչ բանի մէջ կը կայանայ մարդոց իրական արժէքը; Թուրքերը չկրցան թափանցել այս խորունկ մտքի իմաստին։ Անոնք չկրցան հասկնալ որ ազգ մը, որ իր ետեւ ունի այնքան արժանաւոր անցեալ մը, եւ որ կը մտածէ դարերով ի վեր, չի կրնալ նկատուիլ իբրեւ անզգայ։ Անոնք նախամեծար համարեցին որդեգրել վայրագ ուժի քանդիչ սկզբունքը։ Մեծ դառնութեամբ է, որ ես կընեմ այս հաստատումը։ Ես երբեք չեմ ունեցած ավելի աննպաստ կարծիք թուրք ղեկավարներու մասին, քան ինչ որ ունեցայ Լօզանի քօնֆերանսին, ուր գրեթէ դիպուածային յաղթանակի մը հետեւանքով ամբարտաւանութեամբ փքացած, անոնք չուզեցին սեղմել հայ ժողովուրդի կողմէ իրենց կարկռուած մեծահոգի ձեռքը, մերժելով անոր տալ ազատ անկիւն մը իր հայրենական ստացուածքին մէջ զարգացնելու համար իր սեփական քաղաքակրթութիւնը եւ մշակոյթը։ Ըսի մեծահոգի ձեռքը, որովհետեւ միաբանութեան այդպիսի անկեղծ ժէստ մը ընելու համար, հայ ժողովուրդը պէտք է արմատախիլ ընէր իր յիշողութեան մէջէն հրէշավոր պատկերները այն անարդարութիւններուն, որոնց ենթարկուած էր ան, պէտք էր խղղէր իր սրտին մէջ իր տառապանքներուն դառնութիւնը, վերջապէս պէտք էր մոռնար իր ամբողջ անցեալը, որ կը շարունակուի տակաւին իր բոլոր սարսափներով եւ խայտառակութիւններով։ Բայց հայ ժողովուրդը պարտադրեց ինքզինքին այդ դժնդակ ժէստը յանուն խաղաղութեան, յանուն քաղաքակրթութեան եւ իր ապագայ զարգացման։ Եւ հաշտեցման այս տաժանագին ժէստն է, որ թուրք վարիչները չունեցան հասկնալու ոչ առաքինութիւնը եւ ոչ ալ իմաստութիւնը» («Ալիք» (Սալոնիկ) երեկոյան օրաթերթ, մայիսի 28–29, 1923 թ.)։ Ինձ մնում է ասել, որ Ահարոնյանը սխալվում է, երբ խոսում է այն մասին, թե ինչպես թուրքերը «չուզեցին սեղմել հայ ժողովուրդի կողմէ իրենց կարկռուած մեծահոգի ձեռքը»։ Թուրքական դաժան տիրապետության տակ հայտնված արևմտահայությունը երբեք թուրքերին ձեռք չի մեկնել, այլ մշտապես պայքարել է թուրքական բռնակալությունից ազատագրվելու համար։ Իրականության մեջ դաշնակցությունն է միշտ ձեռք մեկնել թուրքերին, համագործակցել թուրքական իշխանությունների հետ, 1907 թ. վերջին դաշինք կնքել երտթուրքական կուսակցության հետ, որով Արշակ Չոպանյանի բնորոշմամբ թաղել է Հայկական հարցը։ Հայ ժողվրդի պատմության ընթացքում երկու կարևոր իրադարձությունների ժամանակ՝ 1918 թ. հունիսի 4-ին և 1920 թ. դեկտեմբերի 2-ին դաշնակցությունն է ձեռք մեկնել թուրքերին և դրա արդյունքով հայ ժողովուրդը կորցրել է իր պատմական տարածքների մեծ մասը։ Վերոհիշյալ համառոտ պատմական էքսկուրսը բավական է, որպեսզի ընդգծել հետևյալ իրողությունը։ Առաջին. 1921 թ. փետրվարին Հայաստանի անկախությունը վերականգնելու անվան տակ դաշնակցության կազմակերպած խռովությունը վերոհիշյալ նշված կարևոր իրադարձությունների խտացված արտահայտությունն էր։ Այդ խռովության նպատակն էր Հայաստանում վերականգնել 1920 թ. դեկտեմբերի 2-ի ստորացուցիչ ու խայտառակ պայմանագիրը ստորագրած դաշնակցական կառավարությունը։ Երկրորդ. Քեմալական Թուրքիայի աջակցությամբ տեղի ունեցած խռովության հետևանքով Հայաստանը կորցրել է զգալի տարածքներ, այդ թվում Կարսը. Նախիջևանը, Ղարաբաղը։ Երրորդ. Փետրվարյան խռովությունը ոչ միայն ուղղված էր Հայաստանում սովետական կարգերի տապալմանը, այլև Ռուսաստանի դեմ։ Այդ խռովության նպատակն էր Հայաստանի և հայ ժողովրդի ապագան կապել քեմալական Թուրքիային հետ և ռուսական կողմնորոշման փոխարեն հաստատել թուրքական կողմնորոշումը։ Սփյուռքում լույս տեսնող բոլոր թերթերը, հանդեսները, բացի դաշնակցության մամուլից, դատապարտել են փետրվարյան խռովության կազմակերպիչներին։ Այդ մասին կարելի է շատ փաստեր բերել, բայց բավարար եմ համարում միայն մեկ-երկու օրինակ բերել։ Նյու Յորքում լույս տեսնող «Աշխատաւոր» թերթը գրել է, «Ո՞ւմ յայտնի չէ, որ Վրացեանի խմբակը մատնեց անթիւ թշուառութիւնների եւ զրկանքների։ Վրացեանի արկածախնդիր ապստանբութիւնը Հայաստանը մատնեց եղբայրասպան կռիւների, սովի եւ հիւանդութիւնների, եւ ապա կորցնել տուեց՝ Ղարաբաղը, Նախիջեւանը, Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն։ …Սովիետ Հայաստանին դատապարտող բայց կուլիսների յետեւում մուսավաթականների եւ քեմալական ներկայացուցիչների հետ համբուրւող փախստական դաշնակցականների քաղաքական տեսակէտը ոչ միայն վնասակար, այլ դաւաճանական է։ Պէտք է մերժել այդ եւ պէտք է դատապարտել նրանց ղեկավարներին։ Ահարոնեան, Խատիսեանը եւ Բաստրմաջեան էֆէնտին պիտի գիտենան, որ իրենց դիկտատուրութեան շրջանն անցել է եւ իրենց քաղաքական խակութեան պատճառով ընդմիշտ անհետանում են հայ ժողովուրդի քաղաքական կեանքից եւ պինդ բռնուած պաշտօններից («Աշխատաւոր» (Նյու Յորք), նոյեմբերի 17, 1921, էջ 6)։ Կ.Պոլսում լույս տոսնող «Երկիր» թերթը հայտնում էր, «Ասկէ մոտաւորապէս երկու շաբաթէ առաջ, երբ չարագուշակ լուրեր նոր սկսած էին շրջան ընել, մենք մտահոգութեամբ մատնանշեր ենք հաւանականութիւնը նոր արկածախնդրութեան մը՝ որում պատասխանատուութիւնը դարձեալ պիտի ծանրանար այն կառավարութեան վրայ, որուն աղետաբեր գործունէութիւնէն յառաջացած դժբաղտութիւններն ու չարիքները այլապէս ալ վրդովեցուցիչ եւ ընդվզեցուցիչ էին»։ «Մենք,- շարունակել է թերթը,- սրտի կսկիծով դիտել տուած էինք ռոմանթիկ լաւատեսութեան զոհ գացողներուն, թէ շուտով պիտի շատերին իրենք ալ նոր եւ արիւնոտ արկածախնդրութիւններուն ցնցումներին տակ ըլլան»։ Այնուհետև, «Երկիրը» շարունակել է. «…Աթոռի իր մարմաջով» գոհացնելու համար Հ.Յ. Դաշնակցութիւնը ընդունակ է ամէն տեսակ դաւադիր գործունէութեան, ըլլայ ատիկա ներքին ազգային պետական կեանքին մէջ, ըլլայ դուրսը՝ դիւանագիտական-քաղաքական շրջանակներուն մէջ։ Կեանքը, ժամանակը եկաւ ապացուցանելու որ արդարեւ դաշնակցական շէֆերը առանց վայրկեան մը իսկ անդրադառնալու իրենց անելիք քայլին, ամենածանր եւ ողբերգական հետեւանքներուն և առանց հաշւի առնելու քաղաքական և զինւորական այն աննպաստ կացութիւնը, որուն մէջ կը տապրլակի հայրենիքը, իրենց իսկ անցեալ ճակատագրական սխալներու երեսէն, դարձեալ տարւած կուսակցական ձգտումներէ՝ սովամահ և արիւնաքամ հայ ժողովուրդը մղեցին ներքին ապստամբութեան, եղբայրասպան արիւնոտ կռւի։ Այս մասին ստացւած մանրամասնութիւներէն որաշապէս կը պարզւի այն պարագան, որ հակայեղափոխական շարժումը ոչ թէ ինքնաբերաբար ստեղծւած ժողովրդական անխուսափելի պոռթկում մը եղած է, այլ, ընդհակառակը, կանխամտածւած և նախապատրաստւած քաղաքական արկածախնդրութիւն մը։ Այլապէս ցաւալի և վրդովեցուցիչ իրողութիւններէն մէկն էլ այն է, որ դաշնակցական տխրահռչակ ղեկավարները յաջողած են իրենց յիմար ու կործանարար ձեռնարկին յաջողութեան համար շահագործել, գործիք դարձնել թրքահայերը և այդպէսով աւելի ևս խորացնել այն անջրպետը, որ արդէն իսկ ստեղծւած էր թրքահայ և ռուսահայ եղբայրներու միջև։ Այսպէս, այս անգամ ալ սասունցիները զոհ գացած են կեղծ հերոս Ռուբէն փաշալին՝ որու ձեռքերը արդէն իսկ թաթախւած են հարիւր հազարէ աւելի հայերու արիեան մէջ։ Ուշադրութեան արժանի պարագաններէն մէկն ալ այն է, որ դաշնակցականները իրենց դաւադրութիւնը գլուխ բերելու համար ընտրած են այնպիսի ատեն մը, երբ հայկական վերակազմւած բանակը՝ յանուն հայրենի իրաւունքներու՝ արիւն կը թափէր վրացական սահմանին վրայ»։ «Այս տեսակ պայմաններու մէջ կատարւած հակահարւածը» «Երկիր» թերթը համարում էր դավաճանություն («Երկիր» (Կ. Պոլիս), մարտի 3, 1921)։ Թվում էր, թե իր գործունեությունը փետրվարյան խռովության անհաջողությունից և «Անկախ Սյունիքի» բերած դժբախտություններից հետո Հայաստանից հեռացած դաշնակցության ղեկավարությունը պետք է լրջորեն վերանայեր իր քաղաքականությունն ու գաղափարախոսությունը, անհրաժեշտ դասեր քաղեր կատարվածից և մտածեր իր ապագա գոյության մասին։ Բայց, դժբապտաբար, այդպես չի եղել։ Վերոհիշյալ խայտառակություններից հետո անհրաժեշտ դասեր քաղելու փոխարեն, դաշնակցությունը շարունակել է փարված մնալ նույն քաղաքականությանն ու նույն գաղափարախոսությանը։ Իբրև ասվածի ապացույց, ընթերցողին ներկայացնեմ դաշնակցության երևելի գաղափարախոս Դարբինյանի խմբագրությամբ հրատարակվող «Հայրենիք» հանդեսի խմբագրական հոդվածում արտահայտված հետևյալ միտքը. «Մեզի համար-հանցանք է արդեն շարունակել ազգային քաղաքականութիւն մը, որ ամբողջովին ձեւված էր հարաճունօրէն քայքայւող ու տկարացող Թիւրքիոյ կարծեցեալ իրողութեան վրայ («Հայրենիք», թիվ 3, 1923, էջ 3)։ Դաշնակցության գլխավոր գաղափարախոս «Հայրենիքը» հույս է հայտնել, որ Ռուսաստանի անհաջողության դեպքում, Թուրքիան կրկնելու է 1918թ. արշավանքը, որի ժամանակ Վրաստանն ու Ադրբեջանը նորից միանալու են Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ «Հայրենիքը» նաև հույս է հայտնել, որ իրադարձությունների այդպիսի զարգացման արդյունքով Թուրքիան հանդես է գալու «իբրեւ քաղաքական ազատարար ուժ մը կովկասեան ազգերու համար»։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հայոց ցեղասպանությունն իրագործած, Արևմտյան Հայաստանը զավթած, 1918 և 1920 թ. կնքված պայմանագրերով Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքները զաված Թուրքիան նորից դաշնակցության համար դարձել է «իբրեւ քաղաքական ազատարար ուժ մը կովկասեան ազգերու համար»։ Այնուհետև, «Հայրենիքը» ընդգծել է, որ «ռուս-թրքական թշնամութեան մը պարագային, թէ մեր կովկասեան հարեւանները եւ թէ Թիւքիան ամէն կերպ պիտի ջանան, եթէ ոչ մեզ իրենց դաշնակիցը դարձնել, գէթ ապահովել մեր չէզոքութիւնը» («Հայրենիք», թիվ 6, 1923, էջ 2)։ «Հայրենիքը» հույս էր հայտնում, որ «Ռուս-թրքական պայքարի պարագային պիտի փոխւի, սակայն, թուրքերու քաղաքականութիւնը։ Նրանք պիտի գերադասեն մեր խնդիրը կարգադրել թուրք և հայկական ուղղակի իրաւախոհութեամբ, առանց մեծ պետութեանց միջնորդութեան կամ ճնշումին։ Որովհետեւ միմիայն այդ պարագային է, որ անոնք կրնան մեզ բան մը տալով, բան մըն ալ ստանալ մեզմէ «Հայրենիքը» հույս էր հայտնում, թե թուրքերն այդ զիջումը «կարող են անել միայն «քաղաքական ու հողային զիջումներով»։ Այսպիսի դեպքում, շարունակել է «Հայրենիքը» «ոչ միայն պիտի կարողանանք, այլեւ պիտի պարտաւորվինք Թիւրքիո բարեկամ եւ Ռուսիո թշնամի դառնալ» («Հայրենիք», նույն տեղը)։ Եվ իր նպատակին հասնելու համար կուսակցությունը, ըստ «Հայրենիքի», «Քեմալի դէմ հակաքեմալական տարրերու հետ, պօլշեւիկների դէմ հակաբօլշեւկեան ուժերու հետ միայն մենք պիտի ջանանք վերացնել այն արգելքները, որոնք ծառացած են մեր անկախութեան ճամբուն վրայ («Հայրենիք», նույն տեղը, էջ 3)։ Դաշնակցության այսպիսի ավանտյուրիստական քաղաքականությունը նկատի ունենալով, նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը գրել է. «Դաշնակցության գաղափարախոսության արդի պատկերը պարզ է միանգամայն։ Պարզ պիտի լինեն, ըստ ամենայնի, նաև դրանից բխող մեր եզրակացութիունները։ Կանգնել դաշնակցության տեսակետի վրա՝ նշանակում է ժխտել սովետական իշխանությունը։ Ընդունել սովետական իշխանությունը՝ նշանակում է ժխտել դաշնակցության գոյության իրավունքը» («Նորք», 1923, թիվ 3, էջ 183)։ 1921 թ. փետրվարին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անցել է շուրջ 100 տարի, բայց դաշնակցության բոլոր գաղափարախոսները շարունակում են կեղծել տեղի ունեցած իրողությունները, այսօրվա ընթերցողից, հատկապես երիտասարդությունից թաքցնել իրենց գործունեության աղետաբեր հետևանքները։ Համոզված եմ, որ սույն աշխատության մեջ բերված բոլոր փաստերը, որոնց մի մասն առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ, հնարավորություն կտան ընթերցողին կատարել անաչառ եզրակացություն, թե ինչ նպատակ է փետրվարյան խռովությունը և ինչպիսի դժբախտ հետևանքներ է ունեցել հայ ժողովրդի համար։ Ընթերցողները, համոզված եմ, որ կխորհեն այն հարցի շուրջ, թե դաշնակցության գաղափարախոսներն ինչ նպատակ են հետապնդում իրենց «գիտական» խորհրդականների հետ միասին լրատվության միջոցները, դասագրքերը, գիտական կոնֆերանսները օգտագործելով քեմալական Թուրքիայի աջակցությամբ, հենց Թուրքիայի շահերից ելնելով 1921 թ. փետրվարյան խռովությունը ներկայացնում որպես Հայաստանի անկախությունը վերականգնելու ապստամբություն։ Ահա, շուրջ 100 տարի է, որ դաշնակցության հին ու նոր ղեկավարներն ու գաղափարախոսները շարունակում են կոծկել ճշմարտությունը, համարձակություն չունեն ընդունել թույլ տված աղետալի սխալները։ Բայց դրա փոխարեն շարունակում են թմբկահարել հայ ժողովրդին մատուցած իրականութ